2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների 25-րդ տարելիցից առաջ ԱՄՆ-ում մեծ աղմուկ է բարձրացրել հարևան Կանադայից ստացված նորությունը։ Կանադական CBC հեռուստառադիոընկերությունը իր լրագրողներին հրահանգել է 2001-ի սեպտեմբերի 11-ի հարձակումները չանվանել «ահաբեկչական», հայտնում է Bild-ը։ Ներքին շրջաբերականում բառացիորեն ասվում է․ «Սեպտեմբերի 11-ի հարձակումները մի՛ կոչեք ահաբեկչական»։
Գրության մեջ նաև նշվում է․ «Ինքնաթիռների առևանգումը ուղևորատար օդանավերի կործանման հանգեցրեց Վաշինգտոնում, Փենսիլվանիայում և Մանհեթենում։ Համաշխարհային առևտրի կենտրոնը կործանվեց»։ Կանադական National Post և Toronto Sun պարբերականների տվյալներով՝ այս փաստաթուղթը կազմվել է CBC-ի լրագրողական չափորոշիչների բաժնում։
Լրատվամիջոցի այս նոր քաղաքականությունը խիստ քննադատության է արժանացել Կանադայում։ Պահպանողական կուսակցության պատգամավոր Ռեյչել Թոմասը X-ում գրել է․ «Տեղի ունեցածը ահաբեկչություն չանվանելը վիրավորանք է զոհերի, նրանց ընտանիքների, փրկվածների և այն փրկարարների հիշատակին, որոնք ականատես են եղել այդ օրվա սարսափներին»։ Նա ամոթալի է անվանել արտահոսած գրությունը։ CBC-ին մեղադրում են իսլամիստական հարձակումների մասշտաբը նվազեցնելու փորձերի մեջ։
Ընդ որում, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունների շուրջ որևէ տարակարծություն չկա․ «Ալ-Քաիդայի» 19 ահաբեկիչներն առևանգել են չորս ուղևորատար ինքնաթիռ։ Երկու օդանավ բախվել է Համաշխարհային առևտրի կենտրոնի երկնաքերերին, մեկը՝ Պենտագոնին։ Չորրորդ ինքնաթիռն ընկել է Փենսիլվանիայում, երբ ուղևորները փորձել են դիմադրել ահաբեկիչներին։ Շուրջ երեք հազար մարդ է զոհվել։
CBC-ն հերքում է այն մեղադրանքները, թե ցանկանում է ժխտել սեպտեմբերի 11-ի հարձակումների ահաբեկչական բնույթը։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ խոսքը լրագրողական հին կանոնի մասին է, ըստ որի՝ «ահաբեկիչ» և «ահաբեկչություն» եզրույթները պետք է մեջբերվեն վստահելի աղբյուրներից և չստեղվեն խմբագրության կողմից։ Այդուհանդերձ, ընդամենը մի քանի տարի առաջ՝ 2021 թվականի 20-րդ տարելիցին, CBC News-ն իր հոդվածներից մեկում գրել է «սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներ» արտահայտությունը։





























