Իսրայելական սպառազինական Rafael Advanced Defense Systems ընկերությունը նախատեսում է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի համար օժանդակ սարքավորումներ արտադրել Գերմանիայում։ Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, պայմանագիրը ծանր բեռնատարներ կներառի հրթիռների, արձակման կայանքների և էլեկտրաէներգիայի գեներատորների տեղափոխման համար։ Գործարքին մասնակցում են Volkswagen-ը և ավտոարտադրողի բաժնետեր հանդիսացող Ներքին Սաքսոնիան։

Bild-ի տեղեկություններով՝ սպառազինական ընկերության հետ համաձայնագիրը «անխուսափելի» է։ Սակայն համագործակցությունն իրականացնելու համար անհրաժեշտ է կազմակերպչական շրջանցիկ լուծում. խնդիրն այն է, որ Volkswagen-ի խոշորագույն բաժնետեր Կատարը դեմ է իսրայելական ընկերության մասնակցությանը։ Այդ պատճառով դիտարկվում է մի տարբերակ, ըստ որի Ներքին Սաքսոնիա երկիրը կարող է իր վերահսկողության տակ վերցնել Օսնաբրյուկի գործարանի մի մասը և համատեղ ձեռնարկություն ստեղծել Rafael-ի հետ։ Դա կնշանակի, որ VW-ն ուղղակիորեն չի համագործակցի իսրայելական պետական ընկերության հետ և կշրջանցի կատարական ինքնիշխան հիմնադրամի մտահոգությունները, հայտնում է Bloomberg-ը։

Rafael-ի հետ համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն սեպտեմբերին։ Սպասվում է, որ այս հարցը նույնպես կընդգրկվի VW-ի վերահսկիչ խորհրդի սեպտեմբերի 4-ի նիստի օրակարգում։

Volkswagen-ի Օսնաբրյուկի գործարանը, ինչպես և ամբողջ ընկերությունը, լուրջ դժվարություններ է ապրում։ 2027 թվականին այս ձեռնարկությունում ավտոմեքենաների արտադրությունը կդադարեցվի։ Իսրայելի հետ գործարքը պետք է փրկի 2300 հոգի անձնակազմ ունեցող ձեռնարկությունը։