Հունաստանի ռազմաօդային ուժերը պատրաստի վիճակի են բերվել, երբ նկատել են, որ թուրքական անօդաչու թռչող սարքը մտել է Աթենքի թռիչքային տեղեկատվության գոտի ու խախտել երկրի օդային տարածքը, հայտնում է Euronews-ը։
Թուրքական դրոնը նկատվել է Սամոթրակի և Լիմնոս կղզիների միջև ընկած ծովային հատվածում։ Հույն զինվորականներն իսկույն գործի են դրել նման դեպքերի համար նախատեսված հետևման ու կալանման քայլերը։
Հունաստանի արձագանքը շատ չի ուշացել․ թուրքական անօդաչուն գտնելու, նույնականացնելու ու վնասազերծելու համար երկու հատ F-16 կործանիչներ են օդ բարձրացվել։ Սրանով Աթենքը ցույց է տվել, որ պատրաստ է ակնթարթորեն հակազդել սահմանների ցանկացած ոտնձգության։
Իրավիճակն ավելի վտանգավոր էր նրանով, որ դրոնը մոտեցել էր Ալեքսանդրուպոլիսի օդանավակայանի թռիչքուղուն հենց այն պահին, երբ այնտեղից օդ բարձրանալու էր պատրաստվում Aegean ընկերության ուղևորատար ինքնաթիռը։
Քաղաքացիական ավիացիայի ծառայության և ռազմական ինքնաթիռների արագ ու համակարգված աշխատանքի շնորհիվ թուրքական սարքը հեռացվել է տարածքից՝ առանց ուղևորատար չվերթը վտանգի ենթարկելու։
Այնուամենայնիվ, ապահովության համար ուղևորատար ինքնաթիռի երթուղին փոխվել է․ այն ցածր բարձրությամբ շրջանցել է վտանգավոր գոտին, որից հետո սովորական հունով թռիչք կատարել դեպի «Էլեֆտերիոս Վենիզելոս» օդանավակայան։
Դեպքը տեղի է ունեցել բավականին զգայուն պահի․ ընդամենը ժամեր առաջ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Հունաստանը պատրաստվում է անօդաչուների բազա հիմնել Հռոդոս կղզում։ Անկարան պնդել է, թե դա կխաթարի «Էգեյան ծովի խաղաղությունն ու կայունությունը», և ակնարկել հակադարձ «անհրաժեշտ քայլերի» մասին։
Աթենքում փորձում են հասկանալ, թե արդյոք տեղի ունեցածի բուն պատճառը Թուրքիայի կողմից ուղղորդված քաղաքական ու ռազմական ուղերձն է, թե՞ Էգեյան ծովում նրա որդեգրած նոր, ավելի ագրեսիվ մարտավարությունը։
Լարվածության նոր ալիքի մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ դրոնը հեռացնելու համար ստիպված են եղել օդ բարձրացնել F-16 կործանիչները։ Հունաստանի իշխանություններն այժմ ուշադիր հետևում են Անկարայի հետագա քայլերին։





























