Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ եթե Չինաստանի հետ ռեկորդային առևտրային դեֆիցիտի կրճատման շուրջ բանակցությունները բեկման չհանգեցնեն, ԵՄ-ն պետք է գործի դնի առևտրի պաշտպանության գործիքների ողջ զինանոցը, հաղորդում է Euronews։
Բրյուսելի և Պեկինի միջև լարվածությունը պահպանվում է անցած հունիսին մեկնարկած բանակցությունների մեկնարկից ի վեր։ Ամռանը Չինաստանն արգելեց իր ընկերություններին մասնակցել ԵՄ հակամենաշնորհային հետաքննություններին, մինչդեռ Եվրահանձնաժողովը շարունակեց առևտրի պաշտպանության գործերով վարույթներ հարուցել՝ եվրոպական շուկայում չինական ապրանքների դեմփինգի կասկածների համար։
«Չինաստանի հետ երկխոսությունը նախկինի պես անհրաժեշտ է։ Բայց այն պետք է արդյունք տա։ Իսկ երբ միայն երկխոսությունը բավարար չէ, մենք պետք է պատրաստ լինենք լիարժեք օգտագործել մեր գործիքները»,— ասել է ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով ֆրանսիական ձեռնարկատերերի Medef միավորման առջև։
Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ ԵՄ-ն բախվում է Չինաստանից էժան ներմուծման ալիքի. հինգ տարում դրա ծավալն աճել է 45%-ով, ընդ որում միայն վերջին տարում առևտրի պաշտպանության միջոցների վերաբերյալ սկսվել է 30 հետաքննություն՝ «գրեթե երեք անգամ ավելի, քան պատմական միջին ցուցանիշը»։
«Մենք էապես մեծացնում ենք հետաքննությունների մասշտաբները»,— հավելել է նա։
Ֆոն դեր Լայենի հայտարարությունները հնչել են այն ֆոնին, որ Չինաստանի հետ հարաբերություններում ԵՄ-ի առևտրային դեֆիցիտը հասնում է օրական 1 մլրդ եվրոյի։ Եվրահանձնաժողովը հոկտեմբերը սահմանել է որպես Պեկինի հետ համաձայնագրի կնքման վերջնաժամկետ, որը պետք է հավասարակշռի առևտրային հարաբերությունները։
«Չինաստանը կարևոր տնտեսական գործընկեր է։ Եվ մեր մոտեցումը հստակ ու հետևողական է․ պետք է նվազեցնել ռիսկերը և չխզել կապերը։ Սակայն գործընկերությունը չի նշանակում, թե մենք պատրաստ ենք համակերպվել մշտական անհավասարակշռությունների հետ»,— ընդգծել է ֆոն դեր Լայենը։
Վերջին ամիսներին Պեկինն ու Բրյուսելը մի քանի անգամ հայտնվել են առևտրային պատերազմի շեմին. Չինաստանը բազմիցս սպառնացել է պատասխան միջոցներ կիրառել ԵՄ-ում առաջարկվող կանոնների դիմաց, քանի որ դրանք կարող են սահմանափակել չինական ընկերությունների մուտքը եվրոպական շուկա։
Հինգշաբթի օրը ֆոն դեր Լայենը հիշեցրել է, որ այսօր ԵՄ բոլոր անդամ պետություններն արձանագրում են Չինաստանի հետ հարաբերություններում առկա առևտրային դեֆիցիտը։
Հունիսին ԵՄ առաջնորդները նրան մանդատ են տրամադրել՝ հարաբերությունները հավասարակշռելու նպատակով․ դա ենթադրում է ինչպես երկխոսության ակտիվացում, այնպես էլ պաշտպանական մեխանիզմների կիրառում ու վերանայում։ Դրանց թվում է նաև «Հարկադրանքի հակազդման գործիքը»․ ԵՄ այս մեխանիզմը կարող է գործի դրվել, եթե երրորդ երկիրը, փորձի ազդել Միության քաղաքականության վրա և ճնշում գործադրել նրա նկատմամբ։
Այս մեխանիզմը երբեմն անվանում են «առևտրային բազուկա» և այն Եվրամիությանը թույլ է տալիս կոշտ քայլեր ձեռնարկել, օրինակ՝ սահմանափակել պետական գնումներին մասնակցությունը կամ զրկել մտավոր սեփականության իրավունքներից։
Սակայն այս մեխանիզմի գործադրումը պահանջում է Միության անդամ պետությունների մեծամասնության համաձայնությունը։ Դեռ հարց է՝ կհաջողվի՞ ապահովել այդ աջակցությունը, հաշվի առնելով, որ ԵՄ երկրները, չինական շուկա մուտք գործելու և Պեկինից ներդրումներ ներգրավելու ակնկալիքով, շարունակում են զարգացնել երկկողմ առևտրային կապերը։





























