Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած ադրբեջանցի 5 հոգանոց ընտանիքը այժմ գտնվում է ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի հովանու ներքո: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Իսկ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայասատանյան գրասենյակի Արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը NEWS.am-ի հարցին ի պատասխան նշեց, որ Հայաստանի իշխանություններից են տեղեկացել դեպքի մասին: «Մենք խնդրել ենք Հայաստանի իշխանություններին զբաղվել այդ հարցով միջազգային նորմաների եւ հայկական ազգային օրենսդրության չափորոշիչներին համաձայն եւ հսկել բոլոր գործընթացները՝ պահպանելով միջազգային պաշտպանության մանդատը: Մենք ողջունում ենք հայ-վրացական սահմանին չվերադարձնելիության սկզբունքի պահպանումը, ինչպես նաեւ այն, որ Հայաստանի իշխանությունները ընտանիքի նկատմամբ այլընտրանքային միջոցներ են կիրառել կալանքի փոխարեն»,- հայտնեց Անահիտ Հայրապետյանը:
Նա նաեւ նշեց, որ ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը իր գլոբալ քաղաքականության հիմքի վրա անհատական դեպքերի մասին լրատվամիջոցներին չի տրամադրվում կոնֆենդեցիալ տեղեկություն:
Հիշեցնենք, որ հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ հունվարի 29-ին դիմել է Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջեւը` իր, կնոջ եւ երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջեւը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոեւայի, հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին, Ջավիդ Օրուջեւը պարտադրված համաձայնվել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, եւ կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի եւ Սփյուռքի վերաբերյալ: Գիտակցելով իր եւ ընտանիքի սպառնալից իրավիճակը, Ջ.Օրուջեւը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները: Հայտնվելով նման անելանելի իրավիճակում եւ, զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը, Ջավիդ Օրուջեւը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից:


























