Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն գործակալությունը քաղաքական ապաստան խնդրելու վերաբերյալ ադրբեջանցի 5 հոգանոց ընտանիքից դեռ դիմում չի ստացել: Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ եթե անձը պատկանելիության կամ մշտական բնակության երկրում ունի հետապնդումների կամ հալածանքների վտանգ՝ քաղաքական համոզմունքների, սոցիալական որեւէ խմբի պատկանելու, էթնիկական կամ ազգային պատկանելիության պատճառով եւ դիմում է ՀՀ-ին, ապա մեր երկիրը Ժնեւյան կոնվենցիայի, ինչպես նաեւ «Փախստականների մասին» ՀՀ օրենքով նման անձանց պաշտպանում է հնարավոր հալածանքներից՝ տրամադրելով ապաստան: «Ապաստանը ենթադրում է ոչ թե կացարան, այլ դա պաշտպանության տեսակ է՝ երեք բնութագրիչներով: Առաջինը՝ այդ անձին տալիս են բնակության իրավունք, երկրորդ՝ չվերադարձնելիության սկզբունքի կիրառում, երբ իր կամքից անկախ որեւէ մեկը նրան չի կարող վերադարձնել իր ծագման երկիր, եւ երրորդը՝ որոշակի իրավունքներ տնտեսական, սոցիալական, մշակութային ոլորտներում»,- ասաց Գագիկ Եգանյանը:

Նա պարզաբանեց, որ ապաստան տրամադրելու համար հատուկ ընթացակարգ կա, դիմումից հետո հարցազրույց է արվում ապաստան հայցողի հետ, տեղեկություններ է հավաքվում ծագման երկրի, իրավիճակի վերաբերյալ, այլ աղբյուրներից եւս ինֆորմացիա է հավաքվում, հարցումներ է կատարվում պետական մարմիններ, անհրաժեշտության դեպքում՝ կրկնակի հարցազրույց է անցկացվում եւ արդյունքում ձեւավորվում է եզրակացությունը՝ արդյոք բերված հանգամանքները վկայում են այդ հետապնդումների, հալածանքի առկայության մասին, թե ոչ: Եթե այո, ապա նրան տրամադրվում է ապաստան եւ փախստականի կարգավիճակ, եթե ոչ, ապա՝ դիմումը մերժում են:

Միգրացիոն գործակալության պետն ասաց, որ տարբեր տարիներ եղել են դեպքեր, երբ ադրբեջանցի ընտանիքը դիմել է ՀՀ-ին՝ քաղաքական ապաստան խնդրելու խնդրով: Նա տեղեկացրեց, որ, ընդհանուր առմամբ, 2000թ մինչեւ օրս քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով ստացել են 3000 դիմում, օրինակ՝ 2013թ դրանք 320 էին:

Հիշեցնենք, որ Հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ հունվարի 29-ին դիմել  է Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջեւը` իր, կնոջ եւ երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Այս որոշումը  հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջեւը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոեւայի, հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին, Ջավիդ Օրուջեւը պարտադրված համաձայնվել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, եւ կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ  հայթայթել Հայաստանի եւ Սփյուռքի վերաբերյալ: Գիտակցելով իր եւ ընտանիքի սպառնալից իրավիճակը, Ջ.Օրուջեւը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել  եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները: Հայտնվելով նման անելանելի իրավիճակում եւ, զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը, Ջավիդ Օրուջեւը  որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից:

ՄԱԿ-ի հայաստանյան  գրասենյակը եւ ՀՀ Միգրացիոն գործակալությունն  այժմ զբաղվում են այդ ընտանիքի հետագա ճակատագրով: