Ուկրաինային 2027–2029 թվականներին բյուջետային կարիքները հոգալու համար անհրաժեշտ կլինի ներգրավել մոտ 6,5 տրիլիոն գրիվնա, ընդ որում պետական և պետության երաշխավորած պարտքը կարող է գերազանցել ՀՆԱ-ի 114%-ը, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով Գերագույն ռադայի պատգամավոր Օլգա Վասիլևսկայա-Սմագլյուկի հայտարարությանը։
Ըստ պետական պարտքի կառավարման 2027–2029 թվականների նոր միջնաժամկետ ռազմավարության՝ ֆինանսավորման պահանջը 2027 թվականին կկազմի 2,746 տրիլիոն գրիվնա, 2028-ին՝ 2,06 տրիլիոն գրիվնա, իսկ 2029 թվականին՝ 1,702 տրիլիոն գրիվնա։
Միջոցների հիմնական մասն Ուկրաինան ակնկալում է ստանալ արտաքին փոխառությունների հաշվին։ 2027–2028 թվականներին դրանք պետք է ծածկեն բյուջեի կարիքների մոտ 80%-ը, իսկ 2029 թվականին դրանց մասնաբաժինը, ինչպես ակնկալվում է, կնվազի մինչև 67%։
Արտաքին ֆինանսավորման հիմնական աղբյուրը կմնա Եվրոպական Միությունը, որին ռազմավարությունում բաժին է ընկնում Ուկրաինայի 2027–2029 թվականների բոլոր կարիքների մոտ երկու երրորդը։ Միաժամանակ նախատեսվում է առաջնահերթություն տալ արտոնյալ վարկերին և դրամաշնորհներին, որպեսզի սահմանափակվի պարտքային բեռի աճը։
Հիմնական կանխատեսմամբ՝ պետական և պետության երաշխավորած պարտքը 2028 թվականին կհասնի ՀՆԱ-ի 114,2%-ին, որից հետո 2029-ին կնվազի մինչև 108,7%։ Բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է այդ ժամանակ կրճատել մինչև ՀՆԱ-ի 5,5%։
Միաժամանակ 2026–2029 թվականներին Ուկրաինայի պետական պարտքի սպասարկման և մարման ծախսերը միջինում տարեկան կկազմեն մոտ 1,27 տրիլիոն գրիվնա։
Վասիլևսկայա-Սմագլյուկը նշել է, որ ռազմավարության բոլոր հաշվարկները հիմնված են 2027 թվականից սկսած անվտանգության իրավիճակի էական բարելավման ենթադրության վրա։



























