Նիդերլանդական Sanrivatti ստարտափը ներկայացրել է One հիպերքարի նախատիպը, որում վարորդը տեղավորվում է գրեթե պառկած՝ գլխով առաջ, ինչպես մոտոմրցարշավորդը, գրել է Autocar-ը։
Ընկերությունը նախատեսում է մրցուղու համար նախատեսված մոդելը թողարկել 2030 թվականին և պնդում է, որ անսովոր նստեցումը կբարելավի տեսանելիությունը և վարորդին թույլ կտա ավելի սուր զգալ մեքենայի վարքը։

Sanrivatti-ի հիմնադիր Սանտյագո Սանչեսը Apex հայեցակարգն անվանել է ավտոմեքենաների ավանդական կառուցվածքի լիակատար հակապատկեր։ Նրա խոսքով՝ վարորդը ոչ թե պարզապես նստում է մեքենայի մեջ, այլ ակտիվ, ագրեսիվ դիրք է ընդունում, որն օգնում է ամբողջությամբ կենտրոնանալ վարման վրա։
«Դուք ձեզ մեքենայի հետ մեկ ամբողջություն եք զգում։ Այլևս չեք նստում դրա մեջ այնպես, ասես բազմոցին եք՝ ադիբուդիով ֆիլմ դիտելիս։ Այժմ ակտիվ դիրք եք զբաղեցնում, ագրեսիվ կեցվածք ընդունում և ստիպված եք լինել այստեղ և հիմա», — Autocar-ի հարցազրույցում բացատրել է Սանչեսը։
Նրա կարծիքով՝ գլխով առաջ դիրքը փոխում է շրջադարձերի ընկալումը․ վարորդը զգում է, որ ոչ թե շրջադարձն է մոտենում իրեն, այլ ինքն է շարժվում դրան ընդառաջ։ Սա պետք է մղի նրան ավելի ակտիվ անցնել շրջադարձերը։

Ընդ որում, կառուցվածքում կպահպանվեն սովորական ղեկն ու ոտնակները։ Դրանք ավտոմեքենայի համապատասխան մեխանիզմներին կմիացվեն մեխանիկորեն, այլ ոչ թե էլեկտրոնային կառավարման միջոցով։ Վարորդի դիրքն ամբողջովին հորիզոնական չի լինի․ մշակողները հավասարակշռություն են փնտրում սուպերբայքի մրցարշավորդի ծայրահեղ կեցվածքի և սովորական ավտոմեքենայի ղեկին ավելի անկաշկանդ դիրքի միջև։
Մշակվող տեխնոլոգիաներից մեկն էլ GNS գերբեռնվածության չեզոքացման համակարգն է։ Սանչեսն այն նկարագրել է որպես մեխանիզմ, որը վարորդին թույլ է տալիս թեքվել, սակայն մանրամասներ չի հայտնել, քանի որ համակարգի մշակման աշխատանքները շարունակվում են։

Sanrivatti One նախատիպը կհամալրվի 789 ձիաուժ հզորությամբ Judd V10 մթնոլորտային շարժիչով։ Հիմնադրի խոսքով՝ շարժիչի ընտրությունը պայմանավորված է դրա հուզիչ հնչողությամբ, որը հիշեցնում է «Ֆորմուլա 1»-ի մրցարշավային շարժիչների ձայնը։ Ընկերությունը նախատեսում է հասնել մոտ 1 100 կիլոգրամ չոր զանգվածի և ժամում 205 մղոն (մոտ 330 կմ/ժ) առավելագույն արագության։ Մեքենան մշակելիս ինժեներները, մասնավորապես, որպես ուղենիշ են դիտարկում Բելգիայի Սպա-Ֆրանկորշամ մրցուղին։
Անսովոր նստեցումը բարդացնում է շասիի կարգավորումը․ վարորդի զանգվածը տեղակայվում է ավելի բարձր և կենտրոնանում ավելի փոքր հատվածում, քան սովորական սուպերմեքենայում։ Սա ազդում է ղեկային կառավարման և կախոցի երկրաչափության վրա, իսկ GNS համակարգի շրջանակում քաշի հնարավոր տեղաշարժը լրացուցիչ բարդություններ է առաջացնում։
Սանչեսը պնդում է, որ վթարների ժամանակ անվտանգությունը չի զոհաբերվի հանուն անսովոր կառուցվածքի։ Ընկերությունը նաև մտադիր է սեփականատերերի պատրաստման ծրագիր կազմակերպել՝ նրանց աստիճանաբար ընտելացնելու վարման նոր եղանակին, հատկապես բարձր արագությունների դեպքում։
Մշակմանը մասնակցում է Փոլ Արքսդենը, որը նախկինում ղեկավարել է McLaren P1-ի ինժեներական աշխատանքները, զբաղվել McLaren Special Operations ստորաբաժանման ավտոմեքենաների մշակմամբ, ապա Singer-ում զբաղեցրել ինժեներական աշխատանքների և արտադրանքի մշակման գծով փոխնախագահի պաշտոնը։ Առայժմ ընկերության բոլոր ջանքերը կենտրոնացած են Sanrivatti One-ի վրա, թեև ապագայում Apex հայեցակարգը կարող է կիրառվել նաև ընդհանուր օգտագործման ճանապարհների համար նախատեսված ավտոմեքենաներում։




























