Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիր Դարոն Աճեմօղլուն նախազգուշացրել է, որ արհեստական բանականության զարգացման ներկայիս ուղին կարող է խորացնել տնտեսական անհավասարությունը և սպառնալիք ստեղծել լիբերալ ժողովրդավարության համար։

BBC-ի Համաշխարհային ծառայության The Interview ծրագրին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ հասարակությունը գրեթե չի մասնակցում որոշելուն, թե ինչպես է ԱԲ-ն փոխելու տնտեսությունն ու առօրյա կյանքը։

Ըստ Աճեմօղլուի՝ լիբերալ ժողովրդավարության ճգնաժամը կապված է ոչ միայն քաղաքական սխալների, այլև վերջին կես դարի ընթացքում տնտեսության և տեխնոլոգիաների խորքային փոփոխությունների հետ։

Նա նշել է, որ նախկինում նոր տեխնոլոգիաների ներդրումն ու նոր շուկաների յուրացումը հաճախ ուղեկցվում էին աշխատատեղերի ստեղծմամբ և աշխատավարձերի աճով։ Այսօր, սակայն, ավտոմատացումն ավելի ու ավելի հաճախ կրճատում է աշխատանքի պահանջարկը, հատկապես՝ բանվորների և ստորին միջին խավի ներկայացուցիչների հատվածում։

Աճեմօղլուն ԱԲ-ի զարգացման ներկայիս մոդելը բնութագրել է որպես «ծայրահեղ ուղղաձիգ և ոչ ժողովրդավարական»։ Ըստ նրա՝ տեխնոլոգիական ընկերությունները պնդում են, թե արհեստական բանականությունը բոլորին ավելի հարուստ և ապահովված կդարձնի, սակայն այդ ենթադրությունը պետք է կասկածի ենթարկել։

Տնտեսագետն ընդգծել է, որ ԱԲ-ի հակառակորդ չէ և տեխնոլոգիայի մեջ տեսնում է հսկայական ներուժ։ Սակայն, նրա կարծիքով, դրա զարգացման հետևանքները կախված են նրանից, թե ինչ նպատակներով և ինչ կերպ է այն ստեղծվում։

Որպես օրինակ Աջեմօղլուն բերել է Մեծ Բրիտանիայի արդյունաբերական հեղափոխությունը, որը վաղ փուլերում ուղեկցվել է անհավասարության աճով և ծանր սոցիալական հետևանքներով։ Ըստ նրա՝ տեխնոլոգիական առաջընթացն ինքնին չի երաշխավորում բնակչության մեծամասնության բարեկեցության աճը։

Աջեմօղլուն նաև հղում է արել ԱՄՆ-ում ռոբոտների կիրառման վերաբերյալ իր հետազոտություններին։ Ըստ նրա՝ այն տարածաշրջաններում, որտեղ ռոբոտացումը տեղի էր ունենում ամենաարագ տեմպերով, նվազում էին զբաղվածությունն ու եկամուտները, իսկ անհավասարությունն աճում էր։ Գերմանիայում և Ճապոնիայում, նշել է տնտեսագետը, տեխնոլոգիաները կիրառվել են այլ կերպ․ աշխատողներին վերապատրաստել են, ինչի շնորհիվ տեխնոլոգիական զարգացման արդյունքներն ավելի լայն են բաշխվել։

Նա նախազգուշացրել է, որ սոցիալական ցանցերի կարգավորման մեջ թույլ տրված սխալները չի կարելի կրկնել ԱԲ-ի դեպքում։ Աջեմօղլուն շեշտել է, որ եթե նախ թույլ տրվի տեխնոլոգիական հսկաներին անվերահսկելիորեն զարգացնել նոր համակարգերը, իսկ հետո փորձեն վերացնել հետևանքները, ապա 20 տարի անց միջամտելն արդեն կարող է չափազանց ուշ լինել։

Տնտեսագետը հանդես է եկել այսպես կոչված «աշխատողակենտրոն ԱԲ»-ի զարգացման օգտին։ Նրա կարծիքով՝ այդ մոդելը պետք է ոչ թե փոխարինի աշխատակիցներին, այլ բարձրացնի նրանց արտադրողականությունը, օգնի նոր առաջադրանքներ յուրացնելուն և մասնագիտական հմտությունները զարգացնելուն։

Աճեմօղլուն կարծում է, որ մոտ հեռանկարում հատկապես խոցելի կարող են լինել սպասարկման ոլորտի աշխատակիցները։ Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ում շուրջ 3,5 միլիոն մարդ աշխատում է հաճախորդների աջակցության ծառայություններում։ ԱԲ-ի հնարավորությունների հետագա ընդլայնումը կարող է վտանգի տակ դնել այդ աշխատատեղերը, իսկ աշխատանքը կորցրած մարդիկ կարող են ստիպված լինել անցնել ավելի ցածր վարձատրվող պաշտոնների։ Իսկ դա, իր հերթին, կարող է բարդացնել երիտասարդների մասնագիտական կարիերայի մեկնարկը։

Աջճեմօղլուի կարծիքով՝ աշխատատեղերի զանգվածային կորուստը կունենա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հետևանքներ։ Նա նախազգուշացրել է, որ չափազանց խոր սոցիալական պառակտումը կարող է խարխլել լիբերալ ժողովրդավարության բուն հիմքը։

«Եթե դուք ստեղծեք երկդասակարգ հասարակություն, որը բաղկացած կլինի արհեստական բանականության տերերից, նրանց սպասարկող ինժեներների փոքր խմբից և բոլոր մնացածներից, դա անհամատեղելի է ժողովրդավարության հետ», -հայտարարել է տնտեսագետը։

Խոսելով միգրացիայի մասին՝ Աջեմօղլուն նշել է, որ ծերացող Եվրոպային տնտեսապես կարող է անհրաժեշտ լինել միգրանտների ներհոսք, իսկ փախստականների ընդունումն ունի նաև մարդասիրական հիմքեր։ Սակայն, նրա կարծիքով, այս ոլորտում քաղաքական որոշումները հաճախ ընդունվել են առանց բավարար հանրային քննարկման։

«Մենք դա արեցինք՝ մարդկանց չհարցնելով, չստեղծելով հանրային կոնսենսուս»,- ասել է նա՝ միգրացիոն հարցը կապելով էլիտաների և աշխատավոր դասի միջև լարվածության աճի հետ։

Աճեմօղլուն նաև գնահատել է Դոնալդ Թրամփի նախագահությունը՝ հայտարարելով, որ նա Ջո Բայդենից ավելի «արդյունավետ» նախագահ է եղել, եթե գնահատենք նրա քաղաքականության հետևանքների մասշտաբը։ Միևնույն ժամանակ տնտեսագետն ընդգծել է, որ այդ հետևանքները դրական չի համարում․ նրա խոսքով՝ Թրամփը վնաս է հասցրել ինստիտուտներին, խորացրել է բևեռացումը և փոխել քաղաքական հռետորաբանության ու պետական կառավարման նորմերը։

Միաժամանակ Աճեմօղլուն սխալ է համարում անտեսելն այն պատճառները, որոնց պատճառով Թրամփը ստացել է ընտրողների աջակցությունը։ Ըստ նրա՝ նախագահի կողմնակիցների շրջանում կան իրական տնտեսական և սոցիալական խնդիրներ, իսկ Թրամփին նրանց աջակցությունը մեծապես արտացոլում է գործող համակարգի առաջ անզորության զգացումը։

Տնտեսագետը մտահոգություն է հայտնել, որ ԱԲ-ի զարգացման տնտեսական հետևանքները կարող են խորացնել այդ զգացումը և դրանով իսկ լրացուցիչ ռիսկեր ստեղծել ժողովրդավարական ինստիտուտների համար։

Աճեմօղլուն նաև նախազգուշացրել է, որ արևմտյան ժողովրդավարությունների ճգնաժամի ֆոնին կարող է աճել ավտորիտար մոդելների գրավչությունը։ Միաժամանակ, նրա կարծիքով, Չինաստանը չի կարող Արևմուտքի համար ծառայել որպես ընդունելի մոդել, քանի դեռ արևմտյան հասարակությունները պահպանում են իրենց նվիրվածությունը լիբերալ սկզբունքներին։

«Չինաստանը Արևմուտքի համար կիրառելի մոդել չէ, քանի դեռ մենք ամբողջությամբ չենք հրաժարվել մեր լիբերալ սկզբունքներից։ Ես հենց դրանից էլ վախենում եմ»,- ասել է նա։