Արկտիկայի տաքացումը Սիբիրում ձևավորում է երկու տարբեր կլիմայական ռեժիմ, որոնք կարող են հանգեցնել մեթանի՝ ամենահզոր ջերմոցային գազերից մեկի արտանետումների հետագա արագացմանը։ Այս եզրակացությանն են եկել գիտնականները մի հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։

Ենիսեյ գետը փաստորեն բաժանում է տարածաշրջանը երկու գոտու՝ տարբեր կլիմայական գործընթացներով։ Արևմտյան Սիբիրում ավելի տաք և խոնավ է դառնում՝ Հյուսիսային Ատլանտիկայից ջերմության և խոնավության տեղափոխման պատճառով։ Սա արագացնում է հավերժական սառցակալած հողի հալոցքը՝ ազատելով հնագույն օրգանական ածխածինը, որը միկրոօրգանիզմները վերածում են մեթանի։

Ի տարբերություն դրա՝ Արևելյան Սիբիրում կլիման դառնում է ավելի չոր, իսկ ծայրահեղ շոգի ժամանակահատվածները նպաստում են անտառային հրդեհների տարածմանը։ Արդյունքում մեթանը մթնոլորտ է թափանցում հիմնականում բուսականության այրման ընթացքում։

2010-ից 2023 թվականներին Սիբիրում մեթանի արտանետումները տարեկան աճել են մոտավորապես 5%-ով։ Այդ ժամանակահատվածում դրանց ծավալը աճել է մոտ 13,2 միլիոն տոննայով (12 միլիոն մետրիկ տոննա)։ Այժմ Սիբիրին բաժին է ընկնում մեթանի համաշխարհային արտանետումների մոտ 5%-ը, սակայն տարածաշրջանը դառնում է այս գազի՝ ամենաարագ աճող բնական աղբյուրներից մեկը։

«Արտանետումների աճը սպասելի էր՝ հաշվի առնելով հավերժական սառցակալած հողի հալոցքի, ճահիճների ակտիվության և անտառային հրդեհների դիտվող ուժեղացումը։ Անսպասելի էր այդ աճի մասշտաբն ու կայունությունը»,- նշել է հետազոտության համահեղինակ, Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր Փոլ Փալմերը։

Հետազոտողներն օգտագործել են արբանյակային դիտարկումներ և ցամաքային չափումների տվյալներ, որպեսզի գնահատեն արտանետումների դինամիկան ամբողջ Սիբիրում։ Նրանց հաշվարկներով՝ լրացուցիչ տաքացումը կարող է ազատել ևս միլիոնավոր տոննա ջերմոցային գազեր, որոնք կուտակված են հավերժական սառցակալած հողում և անտառներում։

Հատուկ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի արևելյան մասը։ Այն ավելի արագ է տաքանում, քան Արևմտյան Սիբիրը, և արդեն բախվել է ծայրահեղ անտառային հրդեհների թվի կտրուկ աճին։ Ընդ որում, կրակը կարող է ոչ միայն անմիջականորեն մեթան արտանետել, այլև արագացնել հավերժական սառցակալած հողի հետագա հալոցքը՝ բացելով հասանելիություն նախկինում սառեցված ածխածնին։

Կլիմայական մոդելները ցույց են տալիս․ որքան ավելի ուժեղ բարձրանա ջերմաստիճանը, այնքան ավելի արագ կարող են աճել մեթանի արտանետումները։ Այսպիսով առաջանում է հնարավոր հետադարձ կապի օղակ. տաքացումը ուժեղացնում է ջերմոցային գազերի արտանետումները, իսկ դրանք, իրենց հերթին, նպաստում են հետագա տաքացմանը։

Միևնույն ժամանակ գիտնականներն ընդգծում են, որ Սիբիրից արտանետումների ներկայիս աճն առայժմ փոքր է՝ համեմատած համաշխարհային ընդհանուր ծավալի հետ։ Գլխավոր վտանգը կապված է տարածաշրջանի հավերժական սառցակալած հողում ածխածնի հսկայական պաշարների հետ։

«Սիբիրի հավերժական սառցակալած հողում ածխածնի հսկայական պաշարը քնած հսկա է։ Շարունակվող տաքացումը սպառնում է նրան արթնացնել»,- նախազգուշացրել է Փալմերը։