ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցել է նախաձեռնությանը, որը նախատեսում է Ռուսաստանն ազատ կարձակի քաղաքական բանտարկյալների մի մասին՝ ամերիկյան պատժամիջոցների մեղմացման դիմաց, գրում է The Atlantic-ը՝ նշելով, որ գաղափարը վաղ փուլում է և նախկինում հրապարակայնորեն չի բացահայտվել։
Պարբերականի տվյալներով՝ մի քանի ամիս առաջ Թրամփի՝ Արևելյան Եվրոպայի հարցերով հատուկ բանագնաց Ջոն Քոուլը նախագահին առաջարկել է Մոսկվայի հետ հարաբերություններում սառը պատերազմի ժամանակների դիվանագիտական գործարքները հիշեցնող սխեմա կիրառել։ Կրեմլը պետք է ազատ արձակեր մի շարք քաղաքական բանտարկյալների, իսկ Վաշինգտոնը՝ ի պատասխան մեղմացներ տնտեսական սահմանափակումները։
Նախաձեռնության հեղինակների մտահղացմամբ՝ նման մոտեցումը հնարավորություն կտար միաժամանակ ընդլայնել Ռուսաստանի հետ բանակցությունները՝ Ուկրաինայում պատերազմի շրջանակից դուրս, և պայմաններ ստեղծել երկրի՝ համաշխարհային տնտեսություն աստիճանաբար վերադարձի համար։ Հեռանկարում Վաշինգտոնը կարող էր դիտարկել Մոսկվայի հետ գործարքներ ռուսական նավթի, դիզելային վառելիքի, հազվագյուտ հողային մետաղների և այլ հումքային ապրանքների մատակարարումների ոլորտներում։
Բանտարկյալների ազատ արձակումը, գրում է The Atlantic-ը, կարող էր նաև ամրապնդել Թրամփի դիրքերը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու նրա ձգտման մեջ։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր մեղմացումը կարող է կտրուկ արձագանք առաջացնել Ուկրաինայի և ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցների շրջանում։ Նման քաղաքականության քննադատները նշում են, որ Մոսկվայի հետ տնտեսական գործարքները կարող են ռուսական պետությանը ապահովել լրացուցիչ եկամուտներով՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետնապատկերին։
Նախաձեռնությունը քննարկվում է Վաշինգտոնից եկող հակասական ազդակների պայմաններում։ Ավելի վաղ Թրամփը ստորագրել էր սենատոր Լինդսի Գրեհեմի մասնակցությամբ պատրաստված օրենքը, որը նախագահին լրացուցիչ լիազորություններ է տալիս Ռուսաստանի և նրա հետ առևտուր իրականացնող երկրների դեմ խիստ պատժամիջոցներ սահմանելու համար։ Մաժամանակ, The Atlantic-ի տվյալներով, ամերիկյան ներկայացուցիչները սահմանափակումների աստիճանական մեղմացման և Մոսկվայի հետ տնտեսական կապերի վերականգնման հնարավորություններ են փնտրում։





























