Հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են 1700 տարվա հնության կրաքարե դամբարան, որտեղ պահպանվել է հին հունարենով գրված հազվագյուտ մահախոսական բանաստեղծություն, հայտնում է Live Science-ը։

Հետազոտողների կարծիքով՝ այն կարող էր գրել որդին՝ ի հիշատակ հանգուցյալ հոր։

Դամբարանը թվագրվում է IV դարով, երբ Եգիպտոսը գտնվում էր Հռոմեական կայսրության իշխանության տակ։ Այն հայտնաբերվել է Դախլա օազիսում՝ հին Մոտիս քաղաքի, ներկայիս Մութի մոտակայքում։

Գերեզմանոցի համալիրը կառուցվել էր տղամարդու և կնոջ համար։ Քարե սալի վրա հնագետները գտել են 19 տողից բաղկացած բանաստեղծություն։ Մահացած տղամարդու անունը Պիսեխտես էր։ Ըստ արձանագրության՝ նա հարգված մարդ էր և, հնարավոր է, զբաղեցրել է դատավորի պաշտոն։ Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության ներկայացուցիչները չեն հայտնել, թե արդյոք հայտնաբերվել են մարդկային աճյուններ։

Դամբարանում պահպանվել են նաև հիերոգլիֆային արձանագրություններ՝ կախարդանքներով, որոնք կոչված էին պաշտպանելու մահացածներին։ Դրանցից մի քանիսն առնչվում են «Ամդուատի» հետ՝ հին եգիպտական տեքստի, որը պատմում է արևի աստծո՝ հանդերձյալ աշխարհ կատարած ճանապարհորդության մասին։

Այստեղ հնագետները հայտնաբերել են զոհասեղան, ծիսական մաքրման անոթ, խեցեղեն և առնվազն մեկ մետաղադրամ՝ Հռոմի կայսր Կոստանդին Մեծի պատկերով, որը իշխել է 306-337 թվականներին։ Հենց Կոստանդիանոս կայսրի օրոք քրիստոնեությունը պաշտոնական ճանաչում ստացավ Հռոմեական կայսրությունում, սակայն հայտնաբերված դամբարանում առայժմ քրիստոնեական պատկերներ կամ տեքստեր չեն գտնվել։

Մուտքի մոտ 14 աստիճաններ են տանում։ Մուտքն ինքնին զարդարված է թևավոր արևային սկավառակի, Օսիրիս աստծո և երկու կոբրաների պատկերներով։

Սակայն գլխավոր գտածոն քարե սալն էր՝ բանաստեղծությամբ։

Էպիգրամայում Պիսեխտեսին անվանում են բարի և իմաստուն մարդ, «կյանքում խորհրդատու»։ Վերջին տողերում նրա որդի Սարապիոնը դիմում է հանգուցյալին. «Լսիր, հայր իմ»։ և խնդրում է ընդունել սգացող երեխաների թաղման ներբողներն ու ընծաները։

Նյու Ջերսիի Առաջադեմ հետազոտությունների ինստիտուտի հետազոտող Անգելոս Խանիոտիսը, որը չի մասնակցել պեղումներին, բանաստեղծությունն անվանել է բարձրարվեստ և ինքնատիպ էպիգրամա։ Նրա կարծիքով՝ տեքստի քերականությունը հիշեցնում է Հոմերոսի հայտնի պոեմների լեզուն։