Մոտ 13 հազար տարի առաջ մարդիկ, որոնք յուրացնում էին Հյուսիսային Ամերիկան վերջին սառցադաշտային շրջանի ավարտից հետո, տեղաշարժվում էին կենդանիների նախիրների, գետերի և սեզոնային բնական պաշարների հետևից։ Նրանց կյանքը կապված էր մշտական ընտրության հետ՝ ինչ վերցնել իրենց հետ, ինչ պահպանել և ինչից կարելի է հրաժարվել։
Այժմ հնագետներին հաջողվել է ավելին իմանալ այն մասին, թե ինչպես էին տարածաշրջանի առաջին բնակիչները նման որոշումներ ընդունում՝ ուսումնասիրելով հին նիզակների ծայրերը։
Միսիսիպիի համալսարանի և Ալաբամայի համալսարանի հետազոտողները վերլուծել են մոտ 500 քարե տեգ, որոնք հայտնաբերվել էին Թենեսի գետի հովտում։ Պահպանված այդ սակավաթիվ գործիքները գիտնականներին հնարավորություն են տվել վերականգնել վերջին սառցե դարաշրջանի որսորդ-հավաքորդների կյանքի որոշ առանձնահատկություններ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Archaeological Method and Theory հանդեսում։
«Մենք խոսում ենք սառցադաշտային դարաշրջանի մարդկանց մասին՝ մարդկանց, որոնք մեզ նման տեսք ունեին և գործում էին այնպես, ինչպես մենք, և ունեին նույն կարիքները, ինչ մենք»,-պատմում է Միսիսիպիի համալսարանի մարդաբանության դոցենտ Ջեսի Թյունը։ Սակայն նրանց շրջապատող աշխարհը բոլորովին այլ էր. այստեղ բնակվում էին մամոնտներ, մաստոդոնտներ, հսկայական համրուկներ և այլ կենդանիներ, որոնք վաղուց վերացել են Հյուսիսային Ամերիկայից։
Թենեսիի հովտում բնակեցված առաջին խմբերից մեկը Քլովիսի մշակույթի մարդիկ էին։ Այս տարածաշրջանում նրանց ներկայության ամենավաղ վկայությունները թվագրվում են մոտ 13 հազար 200 տարի առաջ։
Վերաբնակների համար անծանոթ լանդշաֆտը նշանակում էր անորոշություն։ Նրանք չգիտեին, թե որտեղ են գտնվում կայծքարի՝ այն քարի պաշարները, որից պատրաստում էին գործիքներ, և պետք է ինքնուրույն գտնեին անհրաժեշտ բնական պաշարները։
Հետազոտողները հայտնաբերել են, որ Կլովիսի մարդիկ բավական հաճախ կրկին սրում էին իրենց տեգերը։ Դա կարող էր վկայել ռեսուրսները խնայելու և օգտագործման համար պիտանի առարկաները հնարավորինս երկար պահպանելու ձգտման մասին։
Շարժուն որսորդ-հավաքորդների համար այդպիսի զգուշավորությունը գործնական իմաստ ուներ։ Նրանք չունեին բեռնակիր կենդանիներ, ուստի իրենց հետ տեղափոխվող իրերի քանակը սահմանափակ էր։
«Ով կուզի հետը մի պարկ քարեր կրել, ուստի պետք է շատ ուշադիր ընտրել, թե իրականում ինչ է քեզ պետք, և ինչ կարելի է թողնել»,-պարզաբանել է Ալաբամայի համալսարանի մարդաբան Շեյն Միլլերը։
Մի քանի հարյուր տարի անց այս տարածաշրջանում հայտնվեցին Քամբերլենդի մշակույթի մարդիկ։ Այդ ժամանակ արդեն նրանց նախորդները տեղանքի և հումքի աղբյուրների տեղակայման մասին գիտելիքներ էին թողել։
Քամբերլենդցիների տեգերը ցույց են տալիս վարքագծի այլ մոդել։ Հետազոտողները հայտնաբերել են, որ դրանցից որոշները բազմիցս օգտագործվել են, բայց միաժամանակ կարող էին դեն նետվել դեռևս մինչև վերջնականապես կոտրվելն ու անպիտան դառնալը։
Գիտնականների կարծիքով՝ դա կարող է վկայել այն մասին, որ մարդիկ արդեն ավելի լավ էին ճանաչում շրջակա տարածքը և ավելի վստահ էին նոր ռեսուրսների հասանելիության հարցում։ Նրանք այլևս կարիք չունեին պահպանելու քարի յուրաքանչյուր պիտանի կտոր։




























