ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ստորագրել է հուշագիր, որով ամերիկացի զինվորականներին հանձնարարում է ուժեղացնել 2026 թվականի միջանկյալ ընտրությունների պաշտպանությունն օտարերկրյա միջամտությունից, հայտնում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի հրապարակված փաստաթղթին։
Ըստ փաստաթղթի՝ ԱՄՆ Կիբեռհրամանատարությունը և ռազմական գերատեսչության այլ կառույցներ պետք է օգտագործեն հետախուզական և կիբեռհնարավորությունները՝ ամերիկյան ընտրական գործընթացի դեմ ուղղված օտարերկրյա ուժերի գործողությունները բացահայտելու, կանխելու և չեզոքացնելու համար։
Կիբեռհրամանատարությանը հանձնարարվել է համագործակցել ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հետ՝ ընտրական ենթակառուցվածքի դեմ ուղղված օտարերկրյա կիբեռսպառնալիքներին հակազդելու համար։ Հուշագիրը ստորագրվել է միջանկյալ ընտրություններից մոտ հինգ շաբաթ առաջ։
Նմանատիպ գործողություններ ամերիկյան զինվորական և հետախուզական կառույցներն իրականացրել են նաև նախորդ տարիներին։ Մասնավորապես, 2024 թվականի նախագահական ընտրություններից առաջ ԱՄՆ Կիբեռհրամանատարությունը գաղտնի գործողություն էր իրականացրել ռուսական ցանցերի դեմ, որոնք, ամերիկյան իշխանությունների տվյալներով, ամերիկացի ընտրողների շրջանում ապատեղեկատվություն էին տարածում։
Միևնույն ժամանակ, ներկայիս վարչակազմի օրոք վերակազմակերպվել է մի շարք պետական կառույցների աշխատանքը, որոնք զբաղվում էին օտարերկրյա ազդեցությանը հակազդելով։ Դա մտահոգություն է առաջացրել ազգային անվտանգության ոլորտի որոշ նախկին և գործող աշխատակիցների շրջանում՝ կապված այն հարցի հետ, թե որքանով է Միացյալ Նահանգները պատրաստ դիմակայելու առաջիկա ընտրություններին միջամտությանը։
Ապրիլին Կիբեռհրամանատարության և Ազգային անվտանգության գործակալության ղեկավար գեներալ Ջոշուա Ռադդը օրենսդիրներին հայտնել էր, որ չգիտի՝ արդյոք ձևավորվել է հատուկ խումբ ընտրություններին ուղղված օտարերկրյա սպառնալիքներին հակազդելու համար։ Խոսքը Election Security Group-ի մասին է, որը 2016 թվականին ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտությունից հետո ընտրությունների ժամանակ համակարգում էր Ազգային անվտանգության գործակալության և Կիբեռհրամանատարության մասնագետների աշխատանքը ։
Թե այս խումբը ինչ դեր կխաղա Պենտագոնի նոր նախաձեռնության շրջանակում, առայժմ չի հստակեցվում։ Ռադդը հայտարարել է, որ Կիբեռհրամանատարությունն ու Ազգային անվտանգության գործակալությունը պարբերաբար հակազդում են օտարերկրյա կիբեռակտորների գործողություններին, որոնք ձգտում են միջամտել ԱՄՆ ժողովրդավարական գործընթացներին։





























