Ամերիկյան ռազմական նավերը Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի մուտքից առնվազն 500 կիլոմետր հեռացել են, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Հոսեյն Մոհեբբին։
Tasnim գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի սկսվելուց առաջ Պարսից ծոցում գտնվում էին 30-40 ամերիկյան ռազմական նավեր։ Գեներալի պնդմամբ՝ այժմ ծոցում ԱՄՆ ռազմածովային ուժերի ոչ մի նավ չի մնացել։
Մոհեբբին հայտարարել է նաև, որ Պարսից ծոցում չի գործում նույնիսկ փոքր դասի ոչ մի ամերիկյան նավ՝ ԱՄՆ Հինգերորդ նավատորմի կազմից, որը տեղակայված է Բահրեյնում։ Նա նշել է, որ ամերիկյան նավերը Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի մուտքից առնվազն 500 կիլոմետր հեռացել են։
ԻՀՊԿ ներկայացուցիչը Վաշինգտոնի վերջին սպառնալիքները որակել է որպես ակնհայտ պարտությունը հաղթանակ ներկայացնելու փորձ։ Նա միաժամանակ հղում է արել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի վերջին հայտարարությանը, ըստ որի՝ ԱՄՆ-ը մոտ ժամանակում կարող է նահանջել նաև Արաբական ծովից։
Մոհեբբին հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը երկարատև պատերազմ վարելու համար անհրաժեշտ հնարավորություններ և կառուցվածք չունեն։ Որպես օրինակ գեներալը, մասնավորապես, նշել է USS Abraham Lincoln և USS Gerald R. Ford ավիակիրները, որոնք, ըստ նրա, կորուստներ են կրել հակամարտության ընթացքում, ինչպես նաև տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայությունը պահպանելու բարձր գինը։
Գեներալը շեշտել է, որ օտարերկրյա ռազմական ուժերի նկատմամբ Իրանի ռազմավարությունը մնում է անփոփոխ։
«Մենք չենք կանգնի, մինչև ԱՄՆ-ին դուրս չմղենք տարածաշրջանից, մինչև չպատժենք ագրեսորին և երկարաժամկետ զսպում չապահովենք»,- հայտարարել է Մոհեբբին։
Նա ընդգծել է, որ Թեհրանը ձգտում է հասնել այնպիսի իրավիճակի, երբ ոչ մի պետություն այլևս չի համարձակվի կրկին հարձակվել Իրանի վրա։
Մոհեբբին հայտարարել է նաև, որ Իրանը մտադիր է պոտենցիալ հակառակորդներին համոզել երկրի դեմ ցանկացած ագրեսիայի բարձր գնի հարցում։ Նա շեշտել է, որ հակառակորդը պետք է հասկանա, որ հարձակման դեպքում ստիպված կլինի զգալի ծախսեր կրել։





























