Գերմանիան դիտարկում է 16 միավոր նոր Airbus A400M ռազմատրանսպորտային ինքնաթիռ ձեռք բերելու հնարավորությունը, Բրեմենում Airbus-ի գործարան կատարած այցի ընթացքում հայտարարել է պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, գրում է Spiegel-ը։

Ըստ նախարարի՝ իշխանությունները «շատ առարկայական» քննարկում են արդեն առկա 16 միավոր A400M-ները, որոնք հիմնականում նախատեսված են լոգիստիկ խնդիրների համար, լիարժեք տակտիկական ինքնաթիռներով փոխարինելու հարցը։ Պիստորիուսը ծրագրերի վերանայման անհրաժեշտությունը բացատրել է անվտանգության ոլորտում իրավիճակի փոփոխությամբ։

Ներկայում Բունդեսվերն ունի 53 միավոր A400M ինքնաթիռ։ Ընդ որում, դրանցից 16-ը համալրված չեն մի շարք համակարգերով, որոնք անհրաժեշտ են ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Մասնավորապես, այդ մեքենաները հրթիռներից պաշտպանության համալիրներ չունեն։

Պիստորիուսի գնահատմամբ՝ ինքնաթիռների փոխարինումը հնարավորություն կտա էապես բարձրացնել Գերմանիայի ռազմատրանսպորտային ավիացիայի մարտական պատրաստվածությունը։

Ծրագրի արժեքը կարող է կազմել մի քանի միլիարդ եվրո։ Կախված համալրումից՝ մեկ նոր A400M-ի արժեքը գնահատվում է 150–200 միլիոն եվրո։

A400M-ը նախատեսված է ինչպես անձնակազմի և ռազմական տեխնիկայի տեղափոխման, այնպես էլ տակտիկական առաջադրանքների կատարման համար, ներառյալ՝ բարձր սպառնալիքի պայմաններում գործողությունները։