Երեքուկես մետր երկարությամբ շնաձուկը, որը հայտնվել էր Հարավային Կորեայի Պուսան քաղաքի նեղ քաղաքային ջրանցքում, անսպասելիորեն վերածվել է տեղական զբոսաշրջային տեսարժանության, գրում է The Guardian-ը։
Տասը օրվա ընթացքում շնաձկանը տեսնելու է եկել մոտ 600 հազար մարդ։
Շնաձկանն առաջին անգամ նկատել են սեպտեմբերի 18-ին North Port Waterfront Park զբոսայգու մոտ գտնվող ջրանցքում։ Կենդանին ստացել է Բուկան-ի մականունը՝ Պուսանի Հյուսիսային նավահանգստի անվանումից։
Մասնագետների կարծիքով՝ դա բրոնզե պղնաձաշնաձուկ (Carcharhinus brachyurus) է։ Ենթադրաբար, այն հետապնդել է որսին և ծովից մտել ջրանցք, սակայն հետո չի կարողացել գտնել հետդարձի ճանապարհը։
Նույն օրը առափնյա պահպանությունը փորձել է շնաձկանը դուրս բերել ծով։ Սակայն վեց ժամ անց գործողությունը ստիպված են եղել դադարեցնել գիտնականների խորհրդով։ Մասնագետները զգուշացրել են, որ կենդանուն ուժով դուրս մղելու փորձերը կարող են վնասել նրան կամ ագրեսիվ դարձնել։
Երեքշաբթի օրը փրկարարները նոր փորձ են ձեռնարկել։ Նավակները ջրի շիթեր էին ուղղում շնաձկան հետևից՝ փորձելով ստիպել նրան շարժվել դեպի ջրանցքի ելքը։ Այդ եղնակը նախկինում կիրառվել էր մեծ սպիտակ շնաձկան փրկության ժամանակ, որը 2004 թվականին հայտնվել էր ամերիկյան Մասաչուսեթս նահանգի ափերի մոտ գտնվող ծանծաղուտում։
Առաջին փորձը ձախողվել է․ շնաձուկը լողացել է նավակների կողքով և վերադարձել ջրանցք։ Ավելի ուշ գործողությունը կրկին դադարեցրել են, քանի որ կենդանին չէր ցանկանում ջրամբարը լքել։
Հարավային Կորեայի Ձկնաբուծական գիտությունների ազգային ինստիտուտը հայտնել է, որ շնաձկան վիճակը մնում է կայուն։ Սակայն մասնագետները նշում են, որ ջրանցքում նրա բնականոն շարժվելու և սնունդ ձեռք բերելու հնարավորությունները սահմանափակ են, ուստի այնտեղ երկար մնալը կարող է թուլացնել կենդանուն։
Մինչ այդ շնաձուկը դարձել է Պուսանի իսկական աստղը։ Սեպտեմբերի 19-28-ը Հյուսիսային նավահանգստի մոտ գտնվող այգին այցելել է 607 հազար մարդ, մինչդեռ սովորական տոնական օրերին այն օրական ընդունում է մոտ երկու հազար այցելու։
Պուսանի քաղաքապետ Չոն Չժե Սուն նույնպես շնաձկան երկրպագուներից է։ Ըստ նրա՝ շնաձուկը մակերես է դուրս գալիս յուրաքանչյուր հինգից տասը րոպեն մեկ և օժված է իսկական «աստղային խարիզմայով»։
Քաղաքը նույնիսկ շնաձկանն Պուսանի առաջխաղացման պատվավոր դեսպան է նշանակել։ Instagram-ում անցկացված հարցումից հետո, որտեղ մասնակիցների 91%-ը աջակցել է այդ գաղափարին, նրան շնորհվել է «շաֆլյուենսեր» տիտղոսը՝ անգլերեն shark («շնաձուկ») և influencer («ինֆլյուենսեր») բառերի խաղով։ Կենդանու անունից վկայականը կստանա քաղաքի թալիսման Բուգին։
Շնաձկները կանոնավորապես հանդիպում են Հարավային Կորեայի ջրերում։ Ձկնաբուծական ինստիտուտի տվյալներով՝ միայն այս տարվա առաջին կեսին երկրի արևելյան ափերի մոտ գրանցվել է 46 խոշոր շնաձուկ՝ գրեթե չորս անգամ ավելի, քան մեկ տարի առաջ։ Հետազոտողները նրանց թվաքանակի աճը կապում են ծովի տաքացման և այն ձկների քանակի ավելացման հետ, որոնցով նրանք սնվում են։



























