ԱՄՆ-ում անցկացվող SEMA-2026 ցուցահանդեսում Nissan-ի բազմաթիվ պրեմիերաների թվում է Armada Jungle Patrol Concept ամենագնացը՝ նախատեսված աֆրիկյան սաֆարիի համար։ Այն վերափոխվել է՝ դառնալով բաց տանիքով սաֆարի-ավտոբուս։
Nissan Patrol-ը Armada Jungle Patrol Concept-ի վերածելու համար թափքի տանիքը կտրել են մինչև հենասյուների հիմքը՝ պահպանելով միայն առջևի հենասյուներն ու դիմապակին։
Հեռացված տանիքի փոխարեն սրահի ամբողջ երկայնքով տեղադրել են խողովակաձև անվտանգության կարկաս, որը նախկին տանիքից մոտ 30 սանտիմետր բարձր է։ Դրան հարմար է հենվել՝ ցանկացած ուղղությամբ նշանառու կրակ վարելու համար։ Ինչպես հայտնում է Drom.ru-ն, երկրորդ և երրորդ շարքերի ստանդարտ նստատեղերի փոխարեն տեղադրել են հեշտ լվացվող նյութով պաստառապատված երկու հարթ նստարան։ Դրանք տեղադրված են կողապատերի երկայնքով, և յուրաքանչյուրն ունի երեք անվտանգության գոտի։
Ամենագնացը համալրված է բեդլոքներով անվահեծերով և 37 դյույմ արտաքին տրամագծով Yokohama Geolandar X-MT G005 արտաճանապարհային անվադողերով։ Կախոցը բարձրացվել է և վերափոխվել Ford F-150 Raptor-ի ոճով․ ստանդարտ ամորտիզատորներն ու զսպանակները փոխարինվել են հարվածների էներգիան կլանելու ավելի բարձր ունակություն ունեցող տարբերակներով։
Բացի այդ, անիվների կամարներին տեղադրվել են լայնացուցիչներ։ Ավելացվել են նաև լրացուցիչ լուսավորող սարքեր և թափարգելների խողովակաձև պաշտպանիչներ։




























