ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալլասը երեքշաբթի օրը Դամասկոսում հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է խորացնել գործընկերությունը Սիրիայի հետ և ավելի ակտիվ մասնակցել երկրի վերականգնմանը, սակայն հետագա աջակցությունը կախված կլինի ներքին բարեփոխումների իրականացումից, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
«Եվրամիությունն օգտագործում է իր քաղաքական և տնտեսական գործիքները, որպեսզի օգնի Սիրիային ներառական և խաղաղ անցման ճանապարհին»,- ասել է Կալլասը Սիրիայի արտգործնախարար Ասադ աշ-Շիբանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ըստ նրա՝ ԵՄ-ն մտադիր է Սիրիա ներգրավել լրացուցիչ ներդրումներ և Դամասկոսի հետ գործընկերությունը «բարձրացնել նոր մակարդակի»։ Միևնույն ժամանակ Կալլասն ընդգծել է, որ շատ բան կախված է հենց Սիրիայի գործողություններից։
«Այժմ մենք ձգտում ենք մոբիլիզացնել էլ ավելի մեծ ներդրումներ և բարձրացնել մեր գործընկերության մակարդակը։ Բայց դա նույնպես մեծապես կախված է սիրիական կողմից»,- հայտարարել է նա։
Կալլասը սիրիական իշխանություններին կոչ է արել շարունակել պետական ինստիտուտների և անվտանգության համակարգի բարեփոխումը։ Ըստ նրա՝ օտարերկրյա և ներքին ներդրումներ ներգրավելու համար միայն օգնությունը բավարար չէ։
«Օգնությունն ինքնին չի կարող կառուցել Սիրիան։ Օտարերկրյա և ներքին ներդրումների համար անհրաժեշտ է վստահություն, իսկ վստահության համար պետք են անվտանգություն, հստակ կանոններ, օրենքի գերակայություն և գործող ինստիտուտներ»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավարը։
Նա անհրաժեշտ պայմանների թվում նշել է նաև կանանց հավասար մասնակցությունը հասարակական կյանքին, ազգային հաշտեցումը և անցումային արդարադատությունը։ Կալլասը հավելել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Սիրիայի պետական ինստիտուտների ստեղծմանն ու ամրապնդմանը։
Բաշար Ասադի տապալումից հետո՝ 2024 թվականի դեկտեմբերին, ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները, իսկ 2026 թվականի մայիսին վերականգնել է Դամասկոսի հետ համագործակցության համաձայնագրի գործողությունը։ Եվրամիությունը հարաբերությունների նոր փուլը դիտարկում է որպես հնարավորություն՝ աջակցելու երկրի վերականգնմանը ավելի քան 13 տարվա հակամարտությունից հետո։
Ըստ Կալլասի՝ ԵՄ-ն արդեն 620 միլիոն եվրո է հատկացրել Սիրիայի վերականգնման, հումանիտար կարիքների և պետական ինստիտուտների ամրապնդման համար։
Աշ-Շիբանին հայտնել է, որ Կալլասի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև գործընկերության նոր համաձայնագրի պատրաստումը, որը պետք է փոխարինի դեռևս 1970-ականներին կնքված գործող փաստաթղթին։ Ըստ նրա ՝ այս հարցի շուրջ աշխատանքը կշարունակվի նաև հաջորդ տարի։
Սիրիայի նախարարը նշել է, որ Դամասկոսը եվրոպական երկրների հետ համագործակցում է անդրազգային հանցավորության, անօրինական միգրացիայի, թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում։ Ըստ նրա՝ կողմերը միաժամանակ քննարկել են Սիրիայի առափնյա պահպանության կարողություններին աջակցությունը։
«Մենք քննարկել ենք Սիրիայի առափնյա պահպանության կարողություններին աջակցելու ուղիները՝ ելնելով այն համոզմունքից, որ Միջերկրական ծովի անվտանգությունը նույնպես սկսվում է մեր ափերից»,- ասել է աշ-Շիբանին։
Նա ընդգծել է, որ Սիրիայի անվտանգությունն ուղղակիորեն կապված է Եվրոպայի անվտանգության հետ։





























