Գերմանիայի կառավարությունը չորեքշաբթի նախատեսում է հաստատել կայուն զարգացման ոլորտում գործողությունների ծրագիր, հայտնում է dpa գործակալությունը։
Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կլիմայի փոփոխությունն արդեն անմիջական սպառնալիք է մարդկանց կյանքի և առողջության համար։
«Կլիմայի փոփոխությունը դարձել է կյանքի և առողջության համար սպառնալիք»,-ասել է Մերցը երեքշաբթի Գերմանիայի կառավարությանը խորհրդատվություն տրամադրող Կայուն զարգացման խորհրդի համաժողովում։
Ըստ կանցլերի՝ ծրագիրը կներառի օդի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև կայուն տնտեսական գործելակերպերի աջակցություն, դրանց թվում՝ միջազգային արտադրական շղթաներում, օրինակ՝ տեքստիլի արդյունաբերությունում։
Մերցը նշել է, որ կլիմայի փոփոխության հետևանքներն արդեն դրսևորվում են անտառային հրդեհների թվի աճով, երաշտի երկարատև ժամանակահատվածներով և շոգի պատճառով առողջության համար ռիսկերի մեծացմամբ։ Նրա գնահատմամբ՝ կլիմայական քաղաքականությունը պետք է ոչ միայն դանդաղեցնի գլոբալ տաքացման տեմպերը, այլև օգնի Գերմանիային հարմարվել դրա հետևանքներին։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է քաղաքների ջերմակայունության բարձրացմանը, ծայրահեղ եղանակային երևույթներից ենթակառուցվածքների պաշտպանությանը, ջրային ռեսուրսների ապահովմանը, ինչպես նաև գյուղատնտեսության և անտառային տնտեսության հարմարեցմանը։
Գերմանիայի կառավարությունը ավելի վաղ հայտարարել էր նաև, որ անհրաժեշտ է միաժամանակ կրճատել արտանետումները և երկիրը պատրաստել կլիմայի փոփոխության հետևանքներին։ Օգոստոսին կառավարությունը քննարկում էր շոգին, երաշտին, անտառային հրդեհներին և բերքի կորստին առնչվող միջոցառումներ։
Մերցը մերժել է այն պնդումները, ըստ որոնց կլիմայական միջոցառումները անհամատեղելի են տնտեսական աճի հետ։ Նա օրինակ է բերել էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ոլորտը, որը, ըստ նրա, 2010 թվականից ի վեր Գերմանիայում աճել է տարեկան միջինը 5%-ով՝ ավելի արագ, քան երկրի տնտեսությունն ընդհանուր առմամբ։




























