ՀԴԲ-ն Նիդեռլանդների ազգային ոստիկանության հետ համատեղ կալանավորել է ShinyHunters հաքերային խմբավորման ենթադրյալ մասնակցին, որը վերջերս հայտարարել էր ՀԴԲ կայքը կոտրելու և ամերիկյան գերատեսչության աշխատակիցների տվյալները գողանալու մասին, հայտնում է CBS News-ը։
ՀԴԲ տնօրեն Քեշ Փաթելը հայտնել է, որ կալանավորվածը խմբավորման ենթադրյալ առաջնորդներից մեկն է, սակայն նրա անունը չի բացահայտել։ Ըստ նրա՝ ամերիկացի քննիչներն արդեն օգտագործում են ստացված տեղեկությունը՝ հետաքննությունը շարունակելու և մյուս կասկածյալներին որոնելու համար։
ՀԴԲ-ում հայտարարել են, որ FBIJobs.gov կայքի վրա կիբերհարձակման հետաքննությունը շարունակվում է։ Գերատեսչությունը հայտնել է նաև, որ կապ է հաստատում այն մարդկանց հետ, որոնք կարող էին տուժել միջադեպի հետևանքով, և տեղեկացնում է աշխատակիցներին տեղի ունեցածի մասին։
Անցյալ շաբաթ ShinyHunters-ը դարքնեթում հրապարակումներով և մի քանի լրատվամիջոցներին ուղարկված հաղորդագրություններով հայտարարել էր, որ հափշտակել է ՀԴԲ-ին և ԱՄՆ արդարադատության նախարարության աշխատակիցներին առնչվող 2-3 տերաբայթ տվյալ։ Հաքերների պնդմամբ՝ հարձակման համար օգտագործվել է Oracle PeopleSoft-ում հայտնաբերված նոր խոցելիություն՝ կադրային տեղեկատվության կառավարման համակարգում։
Խմբավորումը պնդում էր, որ հասանելիություն է ստացել ՀԴԲ աշխատակիցների և գերատեսչությունում աշխատանքի թեկնածուների մասին գաղտնի տեղեկություններին։ Տուժած համակարգերի թվում խմբավորումը նշել էր քրեական արդարադատության, կադրային աշխատանքին և բժշկական տվյալներին առնչվող ռեսուրսներ։
Միաժամանակ, ShinyHunters-ի հայտարարած գողացված տվյալների ամբողջ ծավալի անկախ հաստատում առայժմ չկա։ The New York Times-ը հայտնել է, որ ՀԴԲ աշխատակիցները ստացել են ներքին նամակ, որտեղ միջադեպը որակվել է որպես կիբերհարձակում, ինչպես նաև նշվել է, որ որոշ աշխատակիցների անձնական տվյալները կարող էին գողացվել։




























