Բրիտանական HMRC հարկային ծառայության հայազգի աշխատակցուհին ստացել է 16 506,95 ֆունտ ստեռլինգ փոխհատուցում այն բանից հետո, երբ աշխատանքային տրիբունալը նրան ճանաչել է ուղղակի և անուղղակի ռասայական խտրականության զոհ, հաղորդում է Daily Mail-ը։
Քննության առիթը դարձել էր մեղադրանքը, ըստ որի նա իբր հայտարարել է, թե մտադիր է իր պաշտոնը օգտագործել՝ «իր ընտանիքի սպանության համար ռուսներից վրեժ լուծելու» նպատակով։
Աշխատակցուհին, որը դատարանի նյութերում նշված է որպես Ms X, HMRC-ում սկսել է աշխատել 2019 թվականին։ 2022 թվականին նա վերադարձել է գերատեսչություն, որտեղ նրա անմիջական ղեկավարն է դարձել Դեմիան Ռոբսոնը։
Ավելի վաղ կինը փոխել էր իր ազգանունը, քանի որ այն շատ անսովոր էր և մատնանշում էր նրա աբխազահայ ծագումը։ Նա հայտնել էր նաև նախկինում իր նկատմամբ կատարված հարձակման մասին և մտավախություն ուներ, որ նախկին ազգանունը, որը երևում էր HMRC-ի ներքին համակարգչային համակարգում, կարող է վտանգել իր անվտանգությունը։
2022 թվականի օգոստոսին աշխատակիցների բաշխման վերաբերյալ զրույցի ընթացքում Ms X-ն ասել է, որ կցանկանար աշխատել Customs & International Trade ստորաբաժանումում, որտեղ իր հետազոտական, վերլուծական, ինչպես նաև ռուսաց լեզվի և մշակույթի վերաբերյալ փորձը կարող էր օգտակար լինել։
Գրեթե մեկ ժամ տևած զրույցից հետո Ռոբսոնը զրույցի մանրամասն գրառումներ է կազմել։ Դրանցում հայտնվել է ձևակերպում, ըստ որի աշխատակցուհին իբր ցանկացել է «վրեժ լուծել ռուսներից իր ընտանիքի սպանության համար»։ Կինը մերժել է այդ ձևակերպումը և հայտարարել, որ գրառումները չեն արտացոլում զրույցի բովանդակությունը։
Այնուամենայնիվ, հենց այդ գրառումների հիման վրա նրա նկատմամբ կարգապահական քննություն է սկսվել։ Հետագայում նրան գրավոր նախազգուշացում են հայտարարել։ Բողոքարկման քննարկման ընթացքում պնդումն անգամ «ռուսներին սպանելու» նպատակով պաշտոնն օգտագործելու մտադրության հայտարարություն է արվել։
Դիմելով Էդինբուրգի աշխատանքային տրիբունալ, Ms X-ը հասել է իրավիճակի վերանայմանը։ Դատավոր Մելանի Սանգսթերը եզրակացրել է, որ նրա հասցեին հնչած մեղադրանքները կեղծ էին, իսկ HMRC-ն նրա նկատմամբ ցուցաբերել է պակաս բարենպաստ վերաբերմունք՝ թույլ տալով ռասայական խտրականություն։
Միևնույն ժամանակ, տրիբունալը մերժել է ռասայական ոտնձգությունների վերաբերյալ մի շարք այլ պահանջներ։ Ms X-ը շարունակում է աշխատել HMRC-ում։ Գերատեսչությանը պարտավորեցրել են նրան 16 հազար 506,95 ֆունտ ստեռլինգ վճարել՝ պատճառված բարոյական վնասի համար։





























