ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը կարող է ավելի նկատելի դեր ստանձնել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է վերակենդանացնել հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերը, որոնք հայտնվել են փակուղում, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տունը դիտարկում է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Թրամփի փեսա Ջարեդ Քուշների մասնակցությունը կրճատելու հնարավորությունը, որոնք մինչ այժմ առաջատար դեր էին խաղում Մոսկվայի և Կիևի հետ շփումներում։ Միաժամանակ, կադրային փոփոխությունների վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։
FT-ի զրուցակիցները եվրոպացի գործընկերներին հայտնել են, որ Ռեթքլիֆը հնարավոր է ավելի ակտիվ «մաքոքային դիվանագիտություն» ստանձնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ միաժամանակ պահպանելով կապերը երկու երկրների հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ։
Եվրոպական մայրաքաղաքներում, որոնք ակնկալում են բանակցային գործընթացի վերսկսում, Ռեթքլիֆի դերի հնարավոր ուժեղացումն ոգևորությամբ են ընդունել։ Վաշինգտոնի նախորդ դիվանագիտական ջանքերը շուրջ մեկուկես տարվա ընթացքում էական առաջընթացի չեն հանգեցրել, իսկ բանակցությունները փակուղի են մտել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոշտ դիրքորոշման ֆոնին։
Թրամփի մերձավոր գործընկեր Ուիթքոֆը, հավանաբար, կպահպանի խաղաղ նախաձեռնությունների հարցերով հատուկ բանագնացի պաշտոնը, ներառյալ աշխատանքը Մերձավոր Արևելքի ուղղությամբ։ Միաժամանակ, նա կարող է շարունակել զբաղվել ուկրաինական ուղղությամբ՝ Ռեթքլիֆի հետ զուգահեռ։ FT-ի տվյալներով՝ նրանց միջև արդեն իսկ տարաձայնություններ են ծագել լիազորությունների բաշխման հարցում։
Ռեթքլիֆն օգոստոսի վերջին անսպասելիորեն այցելել է Մոսկվա։ Այցի ընթացքում նա բանակցություններ է վարել ռուսական հետախուզական համայնքի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ քննարկելով Ուկրաինայի հակամարտությունը, Իրանի շուրջ պատերազմը և Եվրոպայի նկատմամբ Ռուսաստանի «հիբրիդային» սպառնալիքները։ Թրամփը ԿՀՎ-ի տնօրենի այցը անվանել է «որոշ առումով սովորական»։
Սակայն ուկրաինական կողմին ամերիկացի ներկայացուցիչները հայտնել են, որ Ռեթքլիֆի այցը Մոսկվա վկայում էր հակամարտության դադարեցմանը հասնելու փորձերում ավելի նշանակալի դեր խաղալու նրա մտադրության մասին։
Ըստ FT-ի երկու աղբյուրների՝ Պուտինը սկզբում ծրագրել էր հանդիպել Ռեթքլիֆի հետ, սակայն հետագայում հրաժարվել է այդ հանդիպումից, երբ ԿՀՎ-ի ղեկավարը ռուսական հետախուզության ղեկավարներին ներկայացրել է Մոսկվայի ռազմական արշավի ընթացքի բացասական գնահատականը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարբերականին հայտնել է, որ Պուտինի և Ռեթքլիֆի հանդիպում չէր նախատեսվում։
Ռեթքլիֆի՝ Մոսկվա կատարած այցից մեկ շաբաթ անց Ուիթքոֆը և Քուշները այցելել են Ռուսաստանի մայրաքաղաք, ապա՝ Կիև, որտեղ հանդիպել են Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ամերիկացի ներկայացուցիչներն այցից հետո հայտարարել են, որ ակնկալում են փետրվարին կասեցված եռակողմ բանակցությունների վերսկսում։
Սակայն FT-ի աղբյուրները Մոսկվայում և Կիևում պնդում են, որ Ուիթքոֆը և Քուշները նոր էական առաջարկներ չեն ներկայացրել, իսկ Պուտինն իր նախկին պահանջներից հրաժարվելու պատրաստակամություն չի ցուցաբերել։
Պարբերականի զրուցակիցներից մեկը նշել է, որ նման բարդ հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել՝ բանակցություններին պարբերաբար միանալով։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է կազմակերպված մշտական աշխատանք յուրաքանչյուր ուղղությամբ, ինչը հիմա չի արվում։
Միաժամանակ, ինչպես պնդում են աղբյուրները, Քուշներն ընկերներին հայտնել է, որ ակնկալում է հեռանալ ուկրաինական ուղղությունից և կենտրոնանալ Գազայի հակամարտության և Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմին առնչվող դիվանագիտական ջանքերի վրա։
Ուկրաինայի երեք բարձրաստիճան պաշտոնյաներ FT-ին հայտնել են, որ Կիևը աշխատանքային հարաբերություններ է պահպանում թե՛ Ռեթքլիֆի, թե՛ Ուիթքոֆի և Քուշների հետ և չի առարկում Թրամփի ցանկացած որոշման դեմ՝ ամերիկյան բանակցությունների ղեկավարի վերաբերյալ։ Նրանցից մեկի բնորոշմամբ՝ «խնդիրը ռուսների մեջ է»։


























