News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի աջակցությամբ մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական խմբավորումները Թուրքիայի Յայլադաղի անցակետից անարգել մտել են Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջան եւ ուժգին հարձակումով գրավել Քեսաբն ու հարեւան գյուղերը։ Քեսաբում ապրող մոտ 2000 հայեր, թողնելով ամեն ինչ, մի կերպ ապաստանել են մոտ 65 կմ հեռավորության վրա գտնվող Լաթաքիայում եւ սպասում են կառավարական զորքերի կողմից Քեսաբի ազատագրմանը, որպեսզի վերադառնան իրենց տներ, թեեւ հայտնի է դարձել, որ զինյալներն արդեն թալանել են հայերի տներն ու թալանածը տեղափոխել Թուրքիա։

Քեսաբը գտնվում է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, Թուրքիայի հարավային Հաթայ նահանգին (Ալեքսանդրետի սանջակ) սահմանակից հատվածում։ Քեսաբը հնագույն բնակավայրերից է համարվում, սակայն հստակ տեղեկություններ չկան, թե հայերը կոնկրետ երբվանից են հաստատվել Քեսաբում։ Մի շարք աղբյուրներ նշվում է 13-14-րդ դարերը, իսկ որոշները՝ այն հասցնում մինչեւ Տիգրան Մեծի ժամանակներ։

1909-ի ապրիլյան ջարդերը, որոնք ընդունված է կոչել «Ադանայի կոտորածներ», հասել են նաեւ Քեսաբի շրջան։ Թուրք զինվորների դեմ Քեսաբում դիմադրություն է կազմակերպվում, որից հետո բնակչությունը լքում է բնակավայրերը եւ հեռանում Լաթաքիա։ Թուրքերը  թալանել ու այրում են Քեսաբի շրջանի հայկական գյուղերն ու բնակավայրերը։ Հայտնի է, որ այդ ընթացքում մոտ 200 հայեր են զոհվել։

1915-ի ցեղասպանության ժամանակ Քեսաբցիները որոշել էին դիմադրել եւ չհնազանդվել տեղահանության որոշմանը, սակայն չկարողանալով կազմակերպված դիմադրել՝ ենթարկվել են բռնի տեղահանությանը դեպի Հորդանան եւ Դեր-Զորի անապատներ։ Հայտնի է, որ բռնի տեղահանվել են մոտ 8 հազար հայեր, որոնցից 5 հազար սպանվել են։

Անգլիացիները 1918-ին գրավել են Ալեքսանդրետի սանջակը, սակայն հանձնել են ֆրանսիացիներին, իսկ 1920-ին այն մտել է Ֆրանսիայի մանդատին հանձնված Սիրիայի կազմի մեջ։ 1938-ին ստեղծվել է Հաթայի ինքնավար պետությունը, սակայն 1939-ի հունիսի 23-ի պայմանագրով Ֆրանսիան Հաթայը նվիրեց Թուրքիային։ Այդ ընթացքում Քեսաբում ըմբոստություն է բռնկվել Թուրքիայի կազմ անցնելու դեմ, որից հետո Քեսաբ է այցելում Սիրիայում եւ Լիբանանում Պապական նվիրակը, տեսնում հայության վիճակը եւ դիմում Հռոմի պապին։ Այս ընթացքում կարեւոր դերակատարություն է ունենում նաեւ կարդինալ Գրիգոր Պետրոս Աղաջանյանը եւ արդյունքում միայն Քեսաբի շրջանը հետ է միացվում Սիրիային, սակայն քեսաբցիների հողատարածքները մնում են Թուրքիայի կազմում։

Արթուր Հակոբյան
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ