News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Աֆրիկյանների շենքում այսօր՝ հունիսի 18-ին, առավոտյան ժամը 8-ից վերսկսված ապամոնտաժման աշխատանքները մի քանի ժամ անց կրկին դադարեցվեցին։ Քաղաքացիական ակտիվիստների ահազանգով Աֆրիկյանների տուն այցելած՝ Մշակույթի նախարարությանը կից հուշարձանների պահպանության գործակալության պետ Կարո Այվազյանը հրահանգեց դադարեցնել աշխատանքները, քանի որ ապամոնտաժման աշխատանքները սկսելու թույլտվություն մշակույթի նախարարությունից դեռեւս առկա չէ։

Նշենք, որ մինչեւ Կարո Այվազյանը կգար, բանվորները հասցրել էին շենքից ճակատային հատվածից երկու քար հեռացնել։ Կարո Այվազյանը ակտիվիստներին խոստացավ, որ այդ փաստն անպայման կարձանագրվի։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին ակտիվիստները Աֆրիկյանների տան մոտ են։ Հեռանալուց առաջ Կարո Այվազյանը հրահանգել էր դադարեցնել բոլոր տեսակի աշխատանքները տարածքում, քանի դեռ լիարժեք փաստաթղթեր չկան։ Չնայած դրան նրա հեռանալուց հետո շենքի պարսպապատման աշխատանքները վերսկսվել են։ Ակտիվիստները շենքում բնակվող քաղաքացիների աջակցությամբ փորձում են խոչընդոտել այդ աշխատանքները։

Հիշեցնենք՝ քաղաքացիական ակտիվիստները պահանջում են չքանդել ու չտեղափոխել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կառուցված Աֆրիկյանների շենքը, որը Խորհրդային տարիներին ծառայել է որպես բազմաբնակարան շենք։ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում, ինչը նշանակում է, որայն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։ Սեփականատերերը վստահեցնում են, որ շենքի քարերը համարակալվել են եւ անվտանգ կտեղափոխվեն այլ վայր, սակայն ակտիվիստները թերահավատորեն են վերաբերվում այս պնդմանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ունեցող շենքը վերջնականապես կոչնչացվի։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ