Վրաստանը հունիսի 27-ին ստորագրելով Ասոցացման համաձայնագիր եւ մաս դառնալով Ազատ առեւտրի պայմանագրին՝ հնարավորություն է ստեղծում հայ գործարարների համար, որոնք տեսնում են իրենց մասնակցությունը եվրոպական շուկայում: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, Թբիլիսիում հայտարարել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր վրացի գործընկեր Գեորգի Մարգվելաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Ստորեն ներկայացնում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը լրագրողների առջեւ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ բանակցությունների արդյունքներով:

«Ես շնորհակալ եմ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին հրավերի ու ջերմ ընդունելության համար, անչափ ուրախ եմ հյուրընկալվել եղբայրական Վրաստանում:

Մեծարգո՛ պարոն նախագահ, թույլ տվեք մեկ անգամ եւս վերահաստատել բարեկամության եւ փոխըմբռնման ոգով Ձեզ հետ աշխատելու մեր ջերմ ցանկությունն ու պատրաստակամությունը: Մենք անչափ կարեւորում ենք այս այցը Վրաստան, որի շրջանակներում Ձեզ հետ ունեցանք եւ վստահ ենք ունենալու ենք գործնական եւ արդյունավետ բանակցություններ եւ քննարկումներ հայ-վրացական հարաբերությունների հագեցած օրակարգի շուրջ, մենք ունենք հարցերի լայն շրջանակ եւ, անպայման, կարողանալու ենք ուրվագծել մեր փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարները:

Հայ-վրացական գործընկերության հետեւողական ամրապնդումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է: Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա փխրուն կայունությունն ու խաղաղությունը մեծապես պայմանավորված են Հայաստան-Վրաստան համագործակցության արդյունավետությամբ եւ ամրությամբ: Մենք մշտապես հարգել ենք միմյանց որոշումները` գիտակցելով, որ յուրաքանչյուրիս առաջնահերթ նպատակն է սեփական պետության ամրապնդումը եւ ուրախացել ենք դրանով, քանի որ Հայաստանն ու Վրաստանը ուժեղ են միմյանցով եւ միմյանց հետ:

Ակտիվ քաղաքական երկխոսությունը լավագույն խթանն է տնտեսական համագործակցության աշխուժացման համար: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության բնագավառում արդեն ձեւավորվել են հստակ ուղղություններ, որոնք ներառում են տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը եւ բազմաթիվ այլ ոլորտներ: Ե՛վ անցյալ տարի, եւ՛ ընթացիկ տարում մենք գրանցել ենք առեւտրաշրջանառության աճ, եւ ես վստահ եմ, որ մենք ունենք դեռեւս չօգտագործված շատ մեծ ռեզերվներ:

Մենք կարեւորեցինք հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի եւ տարբեր խմբերի աշխատանքը, պայմանավորվեցինք, որ պետք է ակտիվացնել այդ շփումներն ու փոխանակումներն: Սա հնարավորություն կտա այդ խմբերին քննարկել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքները եւ, իհարկե, ձեռք բերել նոր պայմանավորվածություններ: Անդրադարձանք, անշուշտ, նաեւ Հայաստանի մասնակցությանը Եվրասիական տարածաշրջանում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին: Մեր վրացի գործընկերներին ներկայացրեցինք այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները եւ հետագա ծրագրերը, մասնավորապես՝ այս համատեքստում Վրաստանի հետ փոխշահավետ տնտեսական համագործակցության հեռանկարները: Ես խորապես վստահ եմ, որ Վրաստանը հունիսի 27-ին ստորագրելով Ասոցացման համաձայնագիր եւ մաս դառնալով Ազատ առեւտրի պայմանագրին՝ հնարավորություն է ստեղծում հայ գործարարների համար, որոնք տեսնում են իրենց մասնակցությունը եվրոպական շուկայում, ներդրումներ կատարել Վրաստանում եւ հակառակն եմ տեսնում՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո հեռանկար է բացվում այն վրացի գործարարների համար՝ ներդրումներ կատարելու Հայաստանում, ովքեր ունեն կամ կարող են ունենալ շուկա Ռուսաստանի Դաշնությունում կամ Մաքսային միության այլ երկրներում:

Իհարկե, տարածաշրջանային անվտանգության համատեքստում երկուստեք կարեւորեցինք միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությունը, միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված եւ կառուցողական դիրքորոշման պահպանումը: Սա եւս չափազանց կարեւոր հանգամանք է: Վրաստանի Նախագահի հետ մենք միակարծիք ենք, որ բոլոր հակամարտությունների համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

Անշուշտ, մենք անդրադարձանք նաեւ մեր հումանիտար համագործակցությանը, քանի որ միգուցե մի քիչ պատկերավոր եմ ասում, իմ կարծիքով, մեր համագործակցությունը հումանիտար ոլորտում կարեւոր է նույնիսկ, քան համագործակցությունը տնտեսության ոլորտում, որովհետեւ մենք շատ-շատ երկար ենք ապրել այս տարածաշրջանում եւ բազմաթիվ են դեպքերը, երբ մենք ունեցել ենք մշակութային ներթափանցումներ, այսինքն՝ հարստացել է եւ՛ վրացական մշակույթը, եւ՛ հայկական: Եվ, իհարկե, շատ շնորհակալ եմ Վրաստանի նախագահին, որ ընդունեց մեր առաջարկը՝ այսօր Թբիլիսիում անցկացնել համերգ՝ նվիրված մեծ արվեստագետ Սայաթ-Նովայի հոբելյանին, որի արվեստը, որի ստեղծագործությունն ամենավառ օրինակն է մշակութային փոխլրացման, մշակութային ներթափանցման:

Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար եւ կրկնեմ՝ ուրախ եմ, որ գտնվում եմ եղբայրական Վրաստանում: