News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Գորիսի բժշկական կենտրոնում հունիսի 23-ին մահացած նորածնի մայրը՝ Սյուզի Այվազյանը, կատարված ողբերգության համար մեղադրում է հիվանդանոցի մանկաբույժին։ NEWS.am-ի հետ զրույցում Սյուզի Այվազյանը պատմեց՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել։

Նրա խոսքով՝ երկու օր առաջ ծնված աղջիկը առողջական խնդիրներ չի ունեցել, համենայն դեպս, այդպես են նրան ասել ծննդատանը։

«Աղջիկ էր, քաշը՝ 3.1 կգ, հասակը՝ 51 սմ, ակտիվ  էր: Երեխայի ծնվելուց հետո բժիշկներն ասացին, որ պտղաջուր է կուլ տվել, դեղորայք են նշանակել, լուրջ բան չկա»,- պատմեց երեխայի մայրը։

Սյուզիի խոսքով՝ իրեն հիվանդանոցում չեն ասել, որ երեխան խնդիրներ ունի, ծնվելուց երկու օր անց՝ ամսի 23-ին, առավոտյան ժամը 06:15-ին, բուժքույրն իրենից տակդիր է ուզել, երեխան անհանգիստ է եղել, իրեն չեն թողել ներս մտնել, իսկ արդեն ժամը 07։00-ի մոտ ասել են, որ փոքրիկը մահացել է:

Սյուզին վստահեցնում է, որ բուժքույրն է երեխային օգնություն ցուցաբերել, քանի որ մանկաբույժը հիվանդանոցում չի եղել:

«Մանկաբույժն էլ բան չի ասում, ինքն էլ գլուխ չի հանում, ասում էր՝ երեխան կտրուկ վատացել է։ Եթե խնդիր ուներ, թող ասեին, մենք կտեղափոխեինք Երևան, կարող էր ասել ՝ աղջիկ ջան, էսպիսի բան կա, բայց ոչ թե երեխաս արդեն մահացած՝ գար, մտներ սենյակ, սկսեր գրագրությամբ զբաղվել»,- ասաց Սյուզի Այվազյանը:

Երեխայի ծնողները Շամշադինում են բնակվում, հայրը զինծառայող է, նրանց առաջին երեխան այժմ 4.5 տարեկան է: Սյուզին Երեւանում ծննդաբերելու հնարավորություն է ունեցել, սակայն առաջին երեխան Գորիսի հիվանդանոցում էր ծնվել առանց խնդիրների, որոշել է, այնուամենայնիվ, իր ծննդավայրում ծննդաբերել. «500 կմ ճանապարհ եմ անցել, որ երեխայիս դիակը տանեմ։ Ես բոլոր հետազոտություններն անցել եմ, ասել եմ՝ թող ամեն ինչ լավ լինի։ Ի՞նչ իմանայի, որ այսպես կստացվի»:

Գորիսի բժշկական կենտրոնից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Թե որն է եղել երեխայի մահվան պատճառը, կպարզի դատաբժշկական փորձաքննությունը։ Երեխայի ծնողները դիմել են ոստիկանություն: Գորիսի ոստիկանության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, իրականացվում է նախաքննություն:

Տպել
Ամենաշատ