NEWS.am-ի թղթակիցը ներկա է եղել China Open-ի տղամարդկանց մենախաղի եզրափակչին և հատկապես թենիսի սիրահարների համար ներկայացնում է Ասիայում աշնան գլխավոր մարզական իրադարձությունից ստացած տպավորությունները։ Իր մասշտաբով և կազմակերպվածությամբ Պեկինում անցկացվող մրցաշարը զիջում է թերևս միայն «Մեծ սաղավարտին»․ սա տարածաշրջանի խոշորագույն թենիսային իրադարձությունն է, որը մեկ վայրում միավորում է տղամարդկանց և կանանց մենախաղերը, ինչպես նաև զույգերի մրցաշարերը։

Վճռորոշ մրցախաղի մեկնարկից առաջ Չինաստանի ազգային թենիսի կենտրոնի տարածքը հիշեցնում էր հսկայական մարզական փառատոն։ Երկրպագուների համար կազմակերպվել էին ինտերակտիվ գոտիներ, ֆան-հարթակներ, ինչպես նաև թենիսի խոշորագույն բրենդների ֆիրմային խանութներ, որտեղ հնարավոր էր ձեռք բերել մրցաշարի խորհրդանիշներով մարզահագուստ և պարագաներ։

Գրավչության գլխավոր կենտրոնը հանրահայտ «Դայմոնդ կորտն» (Diamond Court) էր՝ շարժական տանիքով գերժամանակակից մարզադաշտ, որը տպավորում էր իր մասշտաբով, ճարտարապետությամբ և մթնոլորտով։

Եզրափակչում միմյանց դեմ դուրս էին եկել համաշխարհային թենիսի երկու աստղեր՝ 39-ամյա սերբ տիտղոսակիր վարպետ Նովակ Ջոկովիչը և ավստրալացի Ալեքս դե Մինաուրը։ Առաջին սեթը վերածվեց բնավորության ու տակտիկայի իսկական մենամարտի, որտեղ պարտիայի ճակատագիրը վճռվեց միայն թայ-բրեյքում, որը Ջոկովիչը հաղթեց 7:6 (7:3) հաշվով։

Սակայն եզրափակիչը ստացավ անսպասելի և դրամատիկ ընթացք․ երկրորդ սեթի հենց սկզբում՝ 0:1 հաշվի պայմաններում, Դե Մինաուրը վնասվածքի պատճառով ստիպված էր հրաժարվել հանդիպման շարունակությունից։ Ավստրալիայի ներկայացուցիչը ջերմորեն ներողություն խնդրեց հանդիսատեսից և մրցակցից՝ խոստովանելով, որ առողջական վիճակը թույլ չի տալիս շարունակել պայքարը։

Այսպիսով, Նովակ Ջոկովիչը 7-րդ անգամ նվաճեց China Open-ի գավաթը և իր կարիերայում գրանցեց 102-րդ տիտղոսը։ Սերբ թենիսիստը շարունակում է մնալ Պեկինի մրցաշարի բացարձակ ռեկորդակիրը՝ 34 հաղթանակ և 0 պարտություն։ Երեկոն ավարտվեց վառ և հանդիսավոր պարգևատրման արարողությամբ՝ գեղեցիկ ավարտ դնելով այս կարճ, բայց հուզական եզրափակչին։

Դիանա Առուշանյան, Պեկին