Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սեդրակյանը, չէր կարող ծեծի ենթարկել քրեական հեղինակություն «Զուբին», քանի որ ընտանիքով այս պահին գտնվում է Անթալիայում: Այս մասին NEWS.am-ին ասաց պատգամավորի հեռախոսը վերցրած տղամարդը, որը ներկայացավ՝ որպես նրա վարորդ:
«Պարոն Սեդրակյանը Հայաստանում չի, հանգստանալու է մեկնել ընտանիքի հետ: Անթալիայում են, մեկ շաբաթից նոր կվերադառնան: Իսկ իր տղան չէր կարող մարդ ծեծել, որովհետեւ այստեղ չէ, ինքն էլ է Անթալիայում»,- ասաց նա:
Նշենք, որ «Զուբին» ծեծի են ենթարկել այս գիշեր, նա գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նա գլխի սալջարդ-վերքեր, գանգուղեղի ցնցում, նախաբազկի սալջարդ-վերքեր եւ հիշողության կորուստ ունի: Ըստ շենքի բնակիչների պատմածի՝ ծեծը կազմակերպել է Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սեդրակյանը, որը ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի տղան է: