News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Երեւանի Մանկան տունը հիմնադրվել է 1937թ.: Այն Հայաստանի հնագույն մանկատներից է՝ նախատեսված առողջ երեխաների համար: Ժամանակին կոչվում էր Նորածնի տուն: Տարբեր ժամանակներում նախատեսված էր մինչեւ 3, 5, այժմ նաեւ 6 տարեկան երեխաների համար:  1998թ.-ին  Մանկան տունը առողջապահության նախարարությունից անցավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ:  Տունը նախատեսված է ինչպես առողջ, այնպես էլ ֆիզիկական եւ հոգեբանական խնդիրներ  եւ սոցիալականացման կարիք ունեցող երեխաների համար (ֆոտոռեպորտաժ):

Մանկան տան տնօրեն Լիանա Կարապետյանն այստեղ աշխատում է 1981թ.-ից: Սկզբում մանկաբույժ էր, 1997թ.-ից՝ գլխավոր բժիշկ, այժմ՝ տնօրեն:

Հաստատությունը գտնվում է Երեւանի գեղատեսիլ թաղամասերից մեկում՝ Նորք-Մարաշում: Երկնագույն դարպասներից ներս մեզ դիմավորեցին հսկա խաղալիք արջը եւ ոչ մեծ մի շուն՝ մռթի լուրջ արտահայտությամբ:

Ավելի ուշ պարզվեց՝ շունը հսկում է երկու ձագերին եւ համենայնդեպս աչքը չէր կտրում անծանոթ այցելուներից այնքան ժամանակ, քանի դեռ չէինք անցել լայն բակը:

Բակում ճոճանակների երկար շարքն է, խաղալիքներ, քայլասայլակ, մանկական հագուստն է չորանում: Վաղ առավոտ է, եւ երեխաներին առայժմ չեն հանել զբոսանքի:

Մանկան տանը յոթ խումբ կա. վեց տարիքային եւ մեկ կարանտինային բաժանմունք: Կա առանձին լվացքատուն, խոհանոց: Ի դեպ, NEWS.am-ի թղթակիցները հատուկ եղան խոհանոցում եւ արձանագրեցին այնտեղ տիրող մաքրությունը:

Նախկինում հաստատության ողջ անձնակազմը բուժաշխատողներից էր բաղկացած: Այժմ բոլոր բաժիններում աշխատում են չորսական դաստիարակներ եւ դայակներ: Կան բուժքույրեր, երգ-երաժշտության ուսուցիչ, երեխաներին պարեր է սովորեցնում ավագ դաստիարակը: Տարեկան մի քանի անգամ սաները համերգ են տալիս: Ներկայումս Մանկան տանը մեկ տարեկանից ցածր տարիքի 45 նորածին կա, եւս յոթը 1-2 տարեկան են: Մնացած սաները` 2-6:

«Մանկան տանը հայտնվող երեխաների թվի աճի կամ նվազման միտումների մասին խոսելը դժվար է: Օրինակ, երկրի համար ծանր 1988-94թթ. ընդամենը  45-54 երեխա կար: Հետո, երբ իրավիճակը բարելավվեց,  99 երեխա ունեինք», - պատմում է տնօրեն Լիանա Կարապետյանը:

Մանկան տան ղեկավարի գլխավոր խնդիրը, ըստ նրա, այն է, որ երեխան ընտանիք ունենա. «Տոկոսային հարաբերակցությամբ  մեր երեխաների 10-15%-ը վերադառնում են կենսաբանական ընտանիք:

Ցավոք, երեխաների 7 - 10%-ը տեղափոխվում են համապատասխան մանկատներ: Այն միայնակ ծնողները, հիմնականում՝ մայրերը, որոնք  երեխաներից չեն հրաժարվում, նրանց այցելում են ուրբաթ օրերին: Բայց եթե ծնողը ավելի հաճախ տեսակցելու ցանկություն է ունենում, բնականաբար թույլ ենք տալիս: Խնդիրն այն է, որ եթե մինչեւ 6 տարեկանը երեխային տուն չտանեն, նրան տեղափոխում են մանկատուն:

Երեխաների 20-25%-ին որդեգրում են: Երբեմն ցուցանիշը 30% է լինում: Ճիշտ է, այս տարի քիչ է: Սակայն տարի է եղել, երբ ընդունված բոլոր երեխաները որդեգրվել են: Երեխաներ են որդեգրում ոչ միայն Հայաստանից, այլեւ սփյուռքից եկած ընտանիքները»:

Միջազգային որդեգրումն այն ժամանակ ներմուծել էր ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչեւը: Այն ժամանակներում խոսքը միայն խորհրդային երկրների մասին էր: «Անկախություն ձեռք բերելով՝ Հայաստանը միացել է Հաագայի կոնվենցիային: Այժմ այն երկրները, որոնց հետ մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք, որդեգրման իրավունք ունեն: Ավելին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք  կիրառվել է նաեւ արտասահմանում որդեգրված երեխաների  նկատմամբ խնամատարության պրակտիկա: Առաքելությունն իրականացնում են հյուպատոսությունները եւ դեսպանատները:

Ցավոք , 2005 թ.-ից առողջական տարբեր խնդիրներ ունեցող երեխաների թիվն աճում է ամեն տարի: Կարծում եմ՝  նման պատկերի հիմնական պատճառը թմրամոլության եւ ալկոհոլիզմի տարածումն է, որոնք նախկինում Հայաստանում չկային կամ էլ ցածր մակարդակի վրա էին: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ առողջապահական համակարգի աշխատանքի բարելավումը նույնպես հանգեցնում է հաշմանդամության որոշակի տոկոսի: Բանն այն է, որ նախկինում 600-700 գ քաշով ծնվող երեխաները չէին ապրում: Այժմ զարգացած բժշկության շնորհիվ նորածիններն ապրում են, սակայն որքան ավելի շատ են մնում թթվածնային սարէերին միացված, այնքան խնդիրներն ավելի շատ են: Մյուս կողմից էլ մանկատներում  հիվանդ երեխաների թվի աճը  կարող է վկայել, որ բնակչության  մտածելակերպըդեպի լավն է փոխվել եւ առողջ երեխաներից չեն հրաժարվում», - նշեց Լիանա Կարապետյանը:

Հաշմանդամ երեխաների հարցը, որոնցից հրաժարվել են ծնողները, միայն սոցիալական չէ: Սա նաեւ հոգեկերտվածքի, հաշմանդամության նկատմամբ վերաբերմունքի հարց է: «Ծնողներից հաճախ կարելի է լսել «ես չէի հրաժարվի, սակայն  էլի երեխա ունեմ, երբ նա մմեծանա, տարբեր խնդիրներ կծագեն»:

Եվ ես չէի պնդի, որ նրանք միանշանակ սխալ են: Մեր հանրություն առայժմ ընդունակ չէ հանդուրժողական վերաբերմունք դրսեւորելու հաշմանդամների նկատմամբ»:

 Մեր երեխաների ընդհանուր թվի համեմատ մերժվածների թիվը կազմում է շուրջ 50%: Հիմնականում հրաժարվում են երեխաների հոգեբանական   թերությունների պատճառով:  Դրականն այն է, որ  սկսել են ավելի հազվադեպ հրաժարվել  արտամուսնական կապից ծնված երեխաներից:

«Մանկան տունը հիմնադրվել է 1937 թ.: Ես ծանոթացել եմ արխիվների հետ եւ հայտնաբերել այն տարիների մի տխուր փաստ. երեխաների մեծամասնությունը տեղափոխվել է ոստիկանության, ՊԱԿ-ի (ԿԳԲ) ուղղորդմամբ: Այսինքն՝ ծնողները կամ արտաքսվել են, կամ սպանվել, իսկ երեխան հայտնվել է մանկատանը: Եղիշե Չարենցի դուստրը նույնպես մեզ մոտ է եղել», - պատմեց տնօրենը:

Խորհրդային ժամանակներում 15 հանրապետություններից  ամենաքիչ մանկատներն ունեցել են Հայաստանը եւ Էստոնիան: Եթե ողջ Հայաստանում միայն մեկ մանկատուն է եղել՝ մանկահասակ առողջ երեխաների համար, ապա միայն Մոսկվայում դրանք 17-ն են եղել: Այժմ պատկերը խիստ փոխվել է:Մոսկվայի բոլոր մանկատները  դարձել են հատուկ մասնագիտացված: Միտումը միայն Մոսկվային չի վերաբերվում:  «Մեզ մոտ 71 երեխայից միայն 8-ն են առողջ: 29-ը պրոբլեմային չեն, սակայն լիարժեք առողջ էլ չեն, ասենք,  տեսողությունն է վատ, այսինքն՝ խնդիրներ, որոնք կարելի է լուծել: Անձամբ ես կարծում եմ, որ եթե այս քայլերով առաջ գնանք, մեր Մանակն տունը մի քանի տարի անց նույնպես կվերապրոֆիլավորվի»:

Խոսելով այն երեխաների մասին, որոնցից ծնողներն այս կամ այն պատճառով հրաժարվել են, անհրաժեշտ է մի բան հիշել: «Մեզ մոտ գալիս են ծնողների համար անցանկալի երեխաներ: Ես խոսում են հրաժարվածների մասին: Ոչ նրանց, որոնց մայրն է հանձնել, իսկ հետո՝ վերցրել: Իմ ավելի քան երեսուն տարվա աշխատանքային դիտարկումներից ելնելով՝ կարող եմ ասել, որ երեխայից հրաժարվելուն մեծ մասամբ նախորդում է գաղտնի հղիությունը եւ ծննդաբերությունը: Ի՞նչ է դա նշանակում: Առնվազն՝ պրկված որովայն: Մեզ մոտ աղջնակ կար, որի մայրը մկնդեղ էր խմել: Կնոջը հաջողվեց փրկել, սակայն երեխան վաղաժամ ծնվեց: Բնականաբար, նման փորձերը հաճախ դառնում են  նորածնի ֆիզիկական եւ հոգեբանական խնդիրների պատճառ:

Ֆրանսիացիները լավ ֆիլմ են նկարահանել մանկատան երեխաների մասին: Գիտականորեն ապացուցված է, որ երեխան արդեն արգանդում զգում է, որ անցանկալի է: Սա առաջին սթրեսն է: Երկրորդ սթրեսն այն է, որ իրենից հրաժարվել են ծննդից հետո: Եվրոպացիները մանկատան երեխաների հետաքրքիր ուսումնասիրություն են կատարել, թե քանիսն են դառնում ալկոհոլիկներ, թմրամոլներ, ինքնասպան լինում: Դրանք անցանկալի երեխաներն են: Արտամուսնական երեխա կարող է ունենալ եւ կոշկակարը եւ թագավորը: Պարզապես հետո նրանք տարբեր կերպ են մեծանում:

Միջնադարում անցանկալի երեխաներից ազատվել են պարզապես խեղդելով: Այնուհետեւ եկեղեցին նրանց իր պաշտպանության տակ առավ: Այնուհետեւ առաջացավ ընտանիքի տիպի մանկատան ինստիտուտը, որտեղ երեխային խնամում էին փողի դիմաց: Դա իրեն չարդարացրեց: Ամենալավն այն է, որ երեխան ընտանիքում լինի: Չնայած օրենքով երեխային կարող են որդեգրել նաեւ միայնակ մայրը եւ հայրը, կարծում եմ, որ երեխային լիարժեք ընտանիք է հարկավոր: Առաջին հերթին երեխայի շահերից է բխում, առավել եւս, որ նրանք հիմնականում գենետիկորեն բարդ երեխաներ են»:

Չնայած մեծամասամբ հենց միայնակ մայրերն են ձգտում երեխա որդեգրել, լինում են նաեւ դեպքեր, երբ նման քայլի է դիմում նաեւ միայնակ հայրը: «34 տարվա աշխատանքի ընթացքում միայն երկու դեպք է եղել, երբ երեխա է որդեգրել միայնակ հայրը: Շատ հետաքրքիր է, որ դա տեղի է ունեցել շուրջ երկու ամսվա ընթացքում: Մեկը Ֆրանսիայից էր, մյուսը՝  Հայաստանից:

«Ֆրանսիացի հայրիկը» եկել էր մոր, քրոջ, մի ամբողջ թիմի հետ», - հիշեց  Լիանա Կարապետյանը:

Մարիամ Լեւինա

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ