News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարդան Պետրոսյանի հարազատները չեն մասնակցել հոկտեմբերի 20-ին դերասանի մասնակցությամբ վթարից մահացած անչափահաս եղբայրների մահվան տարելիցի նվիրված սգո արարողությանը: Այս մասին NEWS.am-ին ասաց Ռուբեն Բալոյանը, որի կարծիքով Վարդան Պետրոսյանի հարազատները պարտավոր էին այդ օրը իրենց ցավակցությունը հայտնել սգացող ծնողներին:

«Ես ինքս մասնակցեցի երեխաների մահվան տարվա արորողությանը, ինքս էլ փորձեցի սփոփանքի խոսքեր ասել հակառակ կողմի փոխարեն: Բայց իրենք դա պետք է անեին: Իր հարազատներից ոչ մեկ չի եկել, չի մասնակցել տարվա արարողությանը»,- պատմեց փաստաբանը:

Ռուբեն Բալոյանի խոսքով՝ մեկ տարվա ընթացքում «Վարդան Պետրոսյանը, նրա հարազատները Հակոբյանների ցավին որեւէ դարման չեն արել, մարդասիրական քայլի չեն գնացել»։ Ըստ փաստաբանի՝ Վարդան Պետրոսյանը խուսափում է տուժած ընտանիքին օժանդակություն ցուցաբերել՝ վախենալով, որ դա կարող է դիտարկվել որպես իր մեղավորության ընդունում։

«Եթե մարդ ցանկանում է ինչ-որ մի ձեւով հատուցում անել, դա չի նշանակում, որ դա կօգտագործվի իր դեմ, եթե այդ մոտեցումը մարդասիրաբար է արվում: Երեւի թե իրեն բացատրել են՝ եթե դու վնաս հատուցես, ապա հետագայում կասեն՝ եթե դու մեղավոր չէիր, ուրեմն վնասը չհատուցեիր, եթե հատուցել ես, ուրեմն դու մեղավոր ես: Ինքը կարող էր որոշակի չափով եւ օժանդակություն ցույց տալ, եւ միեւնույն ժամանակ շարունակել պնդել, որ վթարի մեջ մեղավոր չէ»,- ասաց Ռուբեն Բալոյանը՝ կարծիք հայտնելով, որ նախկինում Վարդան Պետրոսյանի հարազատների կողմից կատարած հաշտեցման քայլերը եղել են ձեւական: Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի հարազատները հայտարարել են, որ բազմիցս փորձել են հաշտվեցման քայլեր անել, ինը, սակայն, չի ստացվել։ Ինքը՝ դերասանը, հայտարարել էր, որ իրեն կալանավորված են պահում հաշտեցումը թույլ չտալու նպատակով։

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը այս թեմայի վերաբերյալ չցանկացավ խոսել՝ ասելով, որ դա փաստաբանի իր գործառույթների մեջ չի մտնում։

«Տպավորություն է, թե հոգեբան է Բալոյանը եւ  կարող է գնահատական տալ ու ասել՝ ձեւական են այդ քայլերը, թե ոչ: Ինքը որտեղի՞ց գիտի՝ ցավակցել են թե ոչ, գնացել են, թե ոչ: Դա իրենց անձնական, ընտանական խնդիրն է, ազգականները բավականին քաղաքակիրթ մարդիկ են»,- NEWS.am-ին ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։

Նիկոլայ Բաղդասարյանը կարծում է, որ Ռուբեն Բալոյանը դատարանում ավելի շատ պետական մարմինների շահերն է պաշտպանում, քան Հակոբյանների:

Փաստաբանը նաեւ տեղեկացրեց, որ հաջորդ դատական նիստին, որը նշանակված է հոկտեմբերի 31-ին, ինքը կներկայանա: Հշեցնենք, որ փաստաբանը նախորդ նիստին դատարան չէր ներկայացել առողջական խնդիրների պատճառով:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ