News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Միրաք գյուղի բնակչուհի, ծննդաբերող Խաթուն Մամոյանին փետրվարի 12-ին փրկարարներն ու բժիշկները մի քանի ժամ պատգարակով տարել են մինչեւ մայրուղի, քանի որ ուժեղ ձնաբքի հետեւանքով ճանապարհն անանցանելի է եղել:

NEWS.am-ի հետ զրույցում Խաթուն Մամոյանը պատմեց, որ ցավերը սկսելուն պես իրենք ահազանգել են ԱԻՆ եւ Ծաղկահովիտ գյուղի հիվանդանոց, որտեղից էլ փրկարարներ եւ բժիշկներ են գնացել Միրաք:

«Ճանապարհներն ահավոր էին, չէինք կարողանում գյուղից դուրս գալ, զանգել ենք փրկարարներին ու բժիշկներին, նույնիսկ գլխավոր բժիշկն էր եկել: Ինձ առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին, որից հետո կեսգիշերին դուրս եկանք գյուղից ոտքով ու մոտ 2 կիլոմետր քայլել ենք, մինչեւ մայրուղի դուրս գալը»,- պատմեց Խաթունը:

Ծննդաբերող կինը, բժիշկներն ու փրկարարները Ծաղկահովիտի հիվանդանոց են հասել միայն 04:00-ի սահմաններում, իսկ փոքրիկը ծնվել է լուսադեմին:

«Չորրորդ երեխաս է՝ աղջիկ, ունեմ եւս 2 աղջիկ եւ 1 տղա»,- ավելացրեց Խաթուն Մամոյանը:

Նշենք, որ ըստ ՏԿԱԻՆ-ի հաղորդագրության՝ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի անանցանելիության պատճառով 3 բժիշկ փրկարարների ուղեկցությամբ ստիպված էին 3 կմ ճանապարհն անցնել ոտքով: Ժամը 00:02-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետի հանձնարարությամբ Ուրալ մակնիշի ամենագնացով դեպքի վայր է կանչվել Ապարանի ՀՓՋ-ի մեկ մարտական հաշվարկ՝ «YAMAHA» ձնագնացով, որն Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին անանցանելիության պատճառով ստիպված էր կանգ առնել: Արագածի հրշեջ-փրկարարները ժ. 01:24-ին Միրաք գյուղից` մոտ 3 կմ, ծննդկանին պատգարակով անվնաս մոտեցրել են ԶԻԼ-131 կունգին, այնուհետև` Արագածի ԲԿ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ