News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Մարտի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի համերգին, որը կրում էր «Քեզ հետ, Հայաստա՛ն» խորագիրը:

Երուսաղեմի հեղինակավոր համերգասրահի լեփ-լեցուն դահլիճում կայացած համերգին հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Բեթհովենի եւ Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները։

Ելույթ ունենալով համերգից առաջ` Էդվարդ Նալբանդյանն ասաց.

«Ես բազմաթիվ անգամներ եմ եղել Երուսաղեմում` մշտապես առանձնահատուկ զգացում ունենալով սուրբ քաղաքում գտնվելու կապակցությամբ: Այսօրվա խորհուրդն ունի իր առանձնահատկությունը: Այսօր Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է իր համերգը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, եւ ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր արել են հնարավորինը` այս նախաձեռնության հաջողության համար։

Քիչ ազգեր ունեն նույնքան ընդհանրություններ, որքան հայերը եւ հրեաները: Մի քանի դար պետականության բացակայության եւ զրկանքներից հետո, անցնելով ցեղասպանության արհավիրքների միջով, սփռված ամբողջ աշխարհում՝ մենք հպարտ ենք, որ 20-րդ դարում վերականգնեցինք պետականությունը:

Ես կցանկանայի կրկին մեջբերել Հայոց ցեղասպանության հրեա ականատեսներից մեկի խոսքերը. «Ես սարսուռով մտածում եմ` ով է լինելու հաջորդը: Երբ ես քայլում եմ Երուսաղեմ տանող օրհնված եւ սուրբ հողով, ես հարցնում եմ ինքս ինձ` արդյոք հիմա 1915 թվականն է, թե մենք գտնվում ենք Տիտոսի կամ Նաբուքոդոնոսորի ժամանակներում: Արդյոք ես, հրեա լինելով, մոռացել եմ, որ հրեա եմ: Նաեւ հարցնում էի ինքս ինձ, թե արդյոք ես իրավունք ունեմ սգալու միայն իմ ժողովրդի ողբերգության համար, եւ արդյոք Երեմիա մարգարեն արյան արցունքներ չի թափել նաեւ հայերի համար»:

Շատերն են համարում, որ հնարավոր կլիներ կանխել Երկրորդ աշխարհամարտի քողի ներքո իրականացված ոճրագործությունները, եթե Առաջին աշխարհամարտի քողի տակ մարդկության դեմ իրականացված հանցանքները ստանային միանշանակ միջազգային դատապարտում, եւ պատասխանատուները արժանի պատիժ կրեին: 1939 թվականի Ադոլֆ Հիտլերի խոսքերը` «Ով է այսօր խոսում հայերի կոտորածների մասին», հստակ հիշեցում են, որ իրագործված ցեղասպանությունների անպատիժ մնալը եւ ժխտումը նրանց կրկնության համար պարարտ հող են ստեղծում:

Իրականացված ցեղասպանությունների լիակատար ճանաչումը ապագայում դրանց կրկնությունը կանխելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Հիշելու իրավունքը, հիշողության միջոցով անցյալի ողբերգությունները ճանաչելը կարեւոր են նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում:

Այս առումով Հայաստանի եւ Իսրայելի ժողովուրդները քաջատեղյակ են եւ կիսում են անցյալում կրած միմյանց ցավը: Հոլոքոստի վերաբերյալ իրազեկվածության առումով հայերն առաջիններից մեկն են աշխարհում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի համաձայն` Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ դպրոցական ծրագրերը Հոլոքոստի վերաբերյալ ուղղակի անդրադարձ են պարունակում: Նրանք, ովքեր այցելել են Յադ Վաշեմ, հավանաբար կարդացել են հայերի անունները, ովքեր հրեաների են փրկել Հոլոքոստի ընթացքում եւ ստացել են «Առաքինիների» վեհ տիտղոսը: Շոայի հիշատակի հիմնադրամի վերջին հարցումը ցույց տվեց, որ Իսրայելում հրեաների 88%-ը ընդունում է Հայոց ցեղասպանությունը:

Սիրելի՛ բարեկամներ,

Այսօր առավոտյան պատիվ ունեցա հանդիպելու Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին: Մեր քննարկման հիմնական թեմաներից էր հայ եւ հրեա ժողովուրդների համատեղ պատասխանատվությունը՝ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։

Այս առումով կցանկանայի շնորհակալություն հայտնել Հոլոքոստը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելին, ականավոր պրոֆեսորներ Իսրայել Չարնիին, Յաիր Աուրոնին եւ շատ այլ հրեա գիտնականների, որոնց աշխատանքները` նվիրված հայ եւ հրեա ժողովուրդների ցեղասպանություններին, բարձր են գնահատվում ողջ աշխարհում:

Մեր ժողովուրդների միջեւ կա եւս մի կարեւոր ընդհանրություն. չնայած մեր ժողովուրդներին բնաջնջելու փորձերին` մենք վերածնվեցինք: Դժվար կլինի նրանց համար, ովքեր կփորձեն հաշվել տաղանդավոր արվեստագետներին, երաժիշտներին, գիտնականներին, հաջողակ գործարարներին, ովքեր էական ներդրում են ունեցել իրենց ոլորտների զարգացման մեջ 20-րդ եւ 21-րդ դարերում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման առանցքային ուղերձներից մեկն, ըստ էության, վերածնունդն է:

Այն փաստը, որ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբն իր համերգային ծրագրերի մեջ ներառում է 20-րդ եւ 21-րդ դարերի հայ եւ հրեա կոմպոզիտորների գործերը, այդ վերածննդի պարզ վկայությունն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ