Տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ այսօր՝ մայիսի 20-ին հավաքվել են նախագահական նստավայրի դիմաց՝ սատարելու մայիսի 13-ին նախագահականի մոտ բռնության ենթարկված բանակում մահացած զինծառայողների ծնողներին։ Երիտասարդներն իրենց հետ բերել են «Զինվորը պիտի լինի պաշտպանված», «Ամեն զինվոր իմ որդին է», «Ցեղասպանություն 100 տարի առաջ եւ 100 տարի հետո», «Ոչ բռնություններին եւ սպանություններին բանակում» պաստառները։ Նրանց են միացել նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը, որոնք լրագրողների հետ զրույցում նշեցին, որ եկել են սատարելու մահացած զինծառայողների ծնողներին եւ ապահովելու խաղաղ ցույցեր անցկացնելու քաղաքացիների իրավունքը։
«Բնական է, որ ցանկացած հավաք նախագահականի մոտ ընկալվում է որպես վտանգ իրենց իշխանությանը: Նրանք ավելի շատ կգերադասեն, որ դա լինի կառավարության կամ ԱԺ մոտ, միայն ոչ նախագահականի մոտ»,-ասաց Լեւոն Զուրաբյանը:
Պատգամավորի կարծիքով՝ սպանության դեպքեր բանակում չեն բացահայտվում, քանի որ բանակը նույնպես կոռումպացված է:
«Շատ դեպքերում հենց սպաների կամ բանակի ղեկավարության ամենաթողության պատճառով զինվորներին սպանում են, հետո դա ձեւակերպում են որպես ինքնասպանություն, եւ դրանք շարունակում են մնալ չբացահայտված եւ, բնական է, որ նրանց ծնողները վրդովված են»,-ասաց նա։
Արամ Մանուկյանն էլ անդրադառնալով նրան, որ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում դեպքի վերաբերյալ, նշեց, որ եթե բողոքի ակցիան չլիներ, դա էլ չէր լինի։
«Դա մարդկանց զսպելու համար է արվում, եթե բողոքի ակցիան չլիներ, դա էլ չէր լինի։ Եթե այդքան արդար հիմնարկ են, թող բացահայտեն փետրվարին ոստիկանների բռնության կիրաեռած դեպքը»,-ասաց Արամ Մանուկյանը ասելով, որ պետք է բացահայտել հրամանը տվողին, այլ ոչ թե կատարողին։
Արամ Մանուկյանի խոսքով՝ մահացած զինծառայողների ծնողները ոչ մի օրենք չեն խախտել։
«Ամեն զինվոր իմ որդին է, եթե այս երկրում զինվոր է զոհվում, եւ այս երկրում զոհված զինվորի մորը քարշ են տալիս, ոչ մի քաղաքացի չպիտի հանգիստ քնի։ Եթե մեջներս նամուս կա, արժանապատվություն կա, պետք է յուրաքանչյուրս նրանց կողքին կանգնի»,-ասաց նա։
Նշենք, որ բողոքի ակցիայով ՀԿ-ները պահանջում են նախագահական նստավայրի մոտ հսկողություն իրականացնող ոստիկանության աշխատողներին քրեական պատասխանատվության ենթարկել։ Նրանք պահանջում են, որ ոստիկանությունը հրապարակավ ներողություն խնդրի մայրերից եւ բացառի հետագայում նման դեպքերի կրկնությունը։ Ակցիա անցկացնողներն այս պահանջնորով ստորագրահավաք են սկսել։
Ավել վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ զոհված զինծառայողների մայրերը մայիսի 13-ին Բաղրամյան 26-ում` նախագահի նստավայրի մոտ՝ իրենց հերթական բողոքի ակցիան են անցկացրել, որի ժամանակ ոստիկանները նրանց բռնի ուժով տեղափոխել էին դիմացի մայթ՝ պատճառաբանելով, որ այդտեղ բողոքի ակցիա անցկացնել չի թույլատրվում։
Զոհված զինծառայողների ծնողները ոստիկանությունում բողոք են ներկացրել դեպքի վերաբերյալ։ Նշանակվել է ծառայողական քննություն։
Նշենք, որ մահացած զինծառայողների ծնողները դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել, որի արդյունքները դեռ չեն ստացվել։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











