News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 18
USD
522.53
EUR
634.35
RUB
7.13
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում այսօր՝ մայիսի 25-ին, մեկնարկել է փորձագիտական խմբի այցը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ):

Մայիսի 25-29-ը փորձագետները բուհում հանդիպում-քննարկումներ կունենան բուհի ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, շրջանավարտների եւ պոտենցիալ գործատուների հետ, կիրականացնեն ռեսուրսների դիտարկում:

Փորձագիտական խմբում ընդգրկված են 3 տեղացի փորձագետներ, մեկ ուսանող-փորձագետ եւ մեկ միջազգային փորձագետ: Խումբը ղեկավարում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ելենա Երզնկյանը: Միջազգային փորձագետը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Բաթ Սփա համալսարանի ավագ դասախոս, կրթության եւ մանկավարժական հետազոտությունների բաժնի ղեկավար Ալան Հոուն է:

Հավատարմագրման գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ):

Մինչ այցելությունը բուհ, փորձագետներն ուսումնասիրել են ՀՊՄՀ ինքնավերլուծությունը: Փորձագիտական այցից հետո խումբն ընդհանուր եզրակացություն կներկայացնի` մատնանշելով բուհի խնդիրները եւ ներկայացնելով դրանց լուծմանն ուղղված խորհուրդներ: Բուհը, հիմնվելով փորձագետների եզրակացության ու խորհրդատվությունների վրա, կկազմի թերությունների վերացման ծրագիր` իրագործման հստակ ժամանակացույցով: Գործընթացի վերջին փուլը կդառնա հավատարմագրման հանձնաժողովի որոշումը:

Նշենք, որ ՀՊՄՀ-ն 2011-ին անցել է ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթաց, որով փորձարկվել են դեռեւս մշակման փուլում գտնվող հավատարմագրման չափանիշները եւ ընթացակարգերը: Փորձնական գործընթացի հիման վրա վերանայվեցին,  վերջնական տեսքի բերվեցին ու Կառավարության կողմից հաստատվեցին ՀՀ մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները, իսկ բուհն էլ, համաձայն իր կազմած  թերությունների վերացման ծրագրի, բարելավման գործընթացներ իրականացրեց: Այժմ ՀՊՄՀ-ն դիմել է արդեն հաստատված չափանիշներով ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու համար:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ