«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) «առաջարկում» է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ դա հիմնավորելով «ֆինանսական դժվարություններով»: Պատճառներից մեկը «Հրազդանի ՋԷԿ»-ից «թանկ» էլեկտրաէներգիայի գնումն է: Հիշեցնենք, որ «Հրազդանի ՋԷԿ»-ից բարձր գնով (անցյալ տարի՝ 1 կՎտ/ժ-ը՝ 49.2 դրամ) էլեկտրաէներգիան ստիպված գնում են՝ գեներացնող այլ կայաններից մատակարարումների հարկադիր կրճատման ժամանակաշրջանում:
Կարծես երկաթե տրամաբանություն է: Սակայն ներկայացնենք անցյալ տարվա ընթացքում Ռուսաստանում եւ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի տվյալները: Եվ այսպես, Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալում ՋԷԿ-երի մասնաբաժինը կազմել է 42%: Թվում է՝ փոքր ցուցանիշ չէ:
Սակայն Ռուսաստանում ՋԷԿ-երի «թանկարժեք» էլեկտրաէներգիայի ծավալն ավելին է՝ 72%: Դատելով այս տվյալներից, մեր հյուսիսային հարեւանի մոտ գները պետք է չափազանց բարձր լինեին: Սակայն ռուսական սակագինը, միջին աշխատավարձի հարաբերակցությամբ, բավական ընդունելի է:
Նախ նշենք, որ Ռուսաստանում էլեկտրաէներգիայի սակագինը տարբերակված է ինչպես շրջանների, այնպես էլ խոշոր բաժանորդների համար: Համեմատության համար դիտարկենք Մոսկվա քաղաքը, որը համարվում է աշխարհի ամենաթանկ մայրաքաղաքներից մեկը:
Եվ այսպես, Մոսկվայում էլեկտրաէներգիայի սակագինը 1 կՎտ/ժ-ի համար 4.68 ռուբլի է: Միջինը 61.000 ռուբլի աշխատավարձով մոսկվացին կարող է ավելի քան 13 հազար կՎտ/ժ էլեկտրաէներգիա ստանալ: Իսկ Հայաստանում միջինը 176.300 դրամ աշխատավարձ ստացող բնակիչը կարող է շուրջ 4.200 հազար կՎտ/ժ գնել: Այսինքն՝ Մոսկվայի բնակչից 3 անգամ պակաս:
Իրականում տարբերությունն ավելին է՝ հաշվի առնելով աշխատավարձից գանձվող պարտադիր հարկերի անհավասարաչափությունը: Ասվածին հավելենք նաեւ, որ մոսկովյան բնակարաններում, որտեղ ստացիոնար էլեկտրական օջախներ եւ էլեկտրական ջեռուցիչներ են տեղադրված, կիրառվում է նվազեցված՝ 0.7 գործակից, այսինքն՝ 30%-ի չափով զեղչ:
Մեկ ամիս անց Ռուսաստանում նույնպես բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա, բայց 8%-ից ոչ ավելի: Իսկ ահա Հայաստանում ՀԷՑ-ն առաջարկում է ցերեկային սակագինը բարձրացնել 31.4%-ով, իսկ գիշերայինը՝ 20.5%-ով:
Կամքից անկախ «բարի» մենաշնորհատիրոջ կերպար է ստեղծվում՝ Ռուսաստանում, եւ «չար» մենաշնորհատիրոջ՝ Հայաստանում: Իրականում, դա միեւնույն գրասենյակն է: Հայտնի է, որ ՀԷՑ-ի սեփականատերը «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունն է՝ ամենազոր «Ռոսիա ԵԷՍ»-ի դուստր ձեռնարկությունը: Ընկերությունը նույնն է, բայց քաղաքականությունը կտրուկ տարբերվում է: