Ֆրանսիացի ֆերմերները, որոնք դժգոհ են իրենց ապրանքների գնման ցածր գներից եւ ագրոարդյունաբերական համալիրում ճգնաժամի կարգավորմանն ուղղված կառավարության գործողություններից, մտադիր են այսօր՝ հուլիսի 28-ին, նոր բողոքի ակցիա իրականացնել, հաղորդում է franceinfo.fr ռադիոկայանը:
Այսպես, Ֆրանսիայի հյուսիս-արեւելյան Մոզել դեպարտամենտում գյուղացիները մտադիր են կրկին տրակտորներից բարիկադներ կառուցել А37 եւ А4 մայրուղիների վրա: Գյուղատնտեսական տեխնիկան արդեն սկսել է ժամանել ճանապարհների արգելափակման հատված:
Սպասվում է, որ այսօր օրվա երկրորդ կեսին տեղի կունենա ագրոարդյունաբերական համալիրի աշխատակիցների հանդիպումը Ֆրանսիայի գյուղնախարար Ստեֆան Լը Ֆոլեմի եւ էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ֆրանսիայում ցածր գների դեմ բողոքող ֆերմերների բողոքի ակցիաներ են ընթանում շաբաթվա սկզբից: Նրանք պահանջում են բարձրացնել մթերման գները, ինչպես նաեւ պետական օգնության ծրագրեր իրականացնել: