News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Երեւանի Պուշկինի փողոցի նախկին մի քանի տասնյակ բնակիչներ, որոնց տները 12 տարի առաջ բացառիկ գերակա հանրային շահ են ճանաչվել եւ քանդվել, իրենց բնակարանների խնդիրը լուծելու պահանջով այսօր` փետրվարի 12-ին, բողոքի ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի դիմաց:

Բնակիչներին վրդովեցրել է այն, որ նախագահական նստավայրից իրենց դիմումներին բացասական պատասխան են տվել:

«Զանգել են մեր ակտիվիստներից մեկին, ասել, որ իրենք ոչ մի բան չեն կարող անել: Դե չեն կարողանա էլի, որովհետեւ բաշխել են էդ շենքերն իրար մեջ, հարստացել են:  Բողոքելու ենք մինչեւ վերջ, ինչ կանեն, ինչ չեն անի, պայքարելու ենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պուշկին 2 հասցեի նախկին բնակիչ Վալենտինա Հարությունյանը:

Նշենք, որ քաղաքացիները բողոքի ակցիան անցկացրել են նախագահական նստավայրի դիմացի մայթին, ոստիկանները նրանց թույլ չեն տվել անցնել մյուս մայթ:

Նշենք, որ բնակիչները դեկտեմբերին հանդիպել էին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, վերջինը խոստացել էր լուծում տալ իրենց խնդրին, սակայն մինչ այժմ «ոչինչ չի փոխվել, ոչինչ չի արվել»:

Պուշկինի 2 հասցեի նախկին բնակիչ Վալենտինա Հարությունյանն արդեն երկար տարիներ ստիպված է ընտանիքի 6 անդամների հետ ապրել կիսախարխուլ բնակարանում: Բնակարնն իր ընտանիքին է տվել Էդիկ Թախունց անունով մի գործարարը, որը 2004թ. իրենց հետ պայմանագիր է կնքել Պուշկին փողոցում գտնվող տունը քանդելու եւ դրա փոխարեն քաղաքի կենտրոնում նորակառույցում նոր բնակարան տալու վերաբերյալ: Ըստ պայմանագրի՝ Էդիկ Թախունցը պարտավորվել է ընտանիքին տրամարդել 2 տարվա բնակարանավարձ՝ մինչեւ նորակառույցի ավարտը, սակայն 4 ամիս վճարելուց հետո՝ դադարել է բնակարանավարձ տալ: Վալենտինա Հարությունյանն ու իր նման խաբված Պուշկինի շատ բնակիչներ, ստիպված են եղել բնակարանավարձը վճարել ինքնուրույն, մինչեւ որ Էդիկ Թախունցը Երեւանի Շենգավիթ համայնքում 9000 դոլարով գնված կիսակառույց տուն է տվել ընտանիքին: Տիկին Վալենտինան արդեն 12 տարի է Հայաստանի իշխանություններից պահանջում է իր խնդրին ուշադրություն դարձնել, պատժել իրեն ու իր նման խաբված շատ բնակիչների մեծ վնաս հասցրած գործարարին, սակայն մինչեւ այժմ նրա բողոքները ոչ մի արձագանքի չեն արժանացել:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ