News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Պետական դավաճանության մեջ մեղադրվող՝ հետախուզության պետ, կոչումով մայոր 38-ամյա Գարիկ Մարությանի հարազատները պնդում են, որ նա որեւէ առնչություն չունի մեղադրանքի հետ եւ Ազգային անվտանգության ծառայությունը նրա «գլխին պարզապես սարքել է»:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գարիկ Մարությանի կինը՝ Լիլիթ Մովսիսյանը, նշեց, որ ամուսինը 20 տարի ծառայել է Զինված ուժերում եւ բազմաթիվ շնորհակալագրեր եւ պատվոգրեր ունի:

«Գարիկը 18 տարեկանից նվիրվել է հայրենիքի պաշտպանությանը: Պատվոգրեր, շնորհակալագրեր ունի թե Սեյրան Օհանյանից, թե Յուրի Խաչատուրովից: Երեք տարի վերապատրաստվել է Հունաստանում, Մոսկվայում է դասընթացների մասնակցել: Իսկ այսօր Սեյրան Օհանյանն ասում է՝ անգրագետ էր, գործից հանեցինք: Եթե անգրագետ էր, ինչո՞ւ է պատվոգիր ու շնորհակալագիր տվել: Ընդհակառակը, ամուսնուս աշխատելու ժամկետը լրանում էր 2014թ. օգոստոսին, սակայն հաշվի առնելով այդ օրերի լարվածությունը, նրան պահել էին: Գարիկն աշխատել է մինչեւ 2014թ. դեկտեմբերի վերջ»,- ասաց Լիլիթ Մովսիսյանը:

Գարիկ Մարությանի կինը վստահ է, որ ամուսնու հետ Վազգեն Կիրակոսյանի անվամբ խոսել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները. «Ամուսինս 1,5 ամիս դրանից առաջ համագործակցել է ԱԱԾ-ի հետ: Վազգեն Կիրակոսյանը հայ է, իսկ ԱԱԾ-ից խոսել են թուրքի անվան տակ: Իմ ամուսինն այնպիսի թեմաներից է խոսել, որոնք բոլորն էլ գիտեն: Յութուբում էլ այդ մասին տեսանյութեր կան, եթե գաղտնիք է պարունակում, համացանցում ինչո՞ւ են տեղադրել»,- ասում է կինը:

Ամբաստանյալը, ըստ Լիլիթ Մովսիսյանի, նույնիսկ գտել էր Վազգեն Կիրակոսյանին, Վրաստանում հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք բերել, ապա այդ մասին հայտնել ԱԱԾ-ին:

«Գարիկն ԱԱԾ-ի հետ համագործակցել է 1,5 ամիս, բայց փաստաթղթերում այդ մասին բան չկա: Գարիկն ասել է՝ հանուն իմ ազգի պաշտպանության, ես պատրաստ եմ հանդիպել այդ զինվորին, սակայն Ազգային անվտանգության ծառայությունում, իմանալով որ հայ է այդ զինվորը, հանդիպման չեն գնացել»,- ասաց Լիլիթ Մովսիսյանը:

Կնոջ խոսքով, սակայն, գործում Վազգեն Կիրակոսյանը ներգրավված չէ:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Գարիկ Մարությանն 1997-2014թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը: Ծառայությունն ավարտելուց հետո 2015թ. հուլիսին նա «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքով ծանոթացել է «Vazgen Kirakosyan» օգտատիրոջ տվյալներով հանդես եկող օգտատիրոջ հետ եւ ընկել Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը: Նա ադրբեջանական կողմին հաղորդագրություններով փոխանցել է իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետությունն ու Զինված ուժերը վարկաբեկելու նպատակով: Այս ամենի դիմաց Գարիկ Մ.-ն ստացել է 700 ԱՄՆ դոլար եւ հեծանիվ:

Գարիկ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ