Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը մայիսի 19-ի ուշ երեկոյան ժամանել է Երեւան՝ մասնակցելու ԵՏՄ երկրների կառավարության ղեկավարների հերթական նիստին:
Բացի Մեդվեդեւից Երեւան են ժամանել նաեւ ԵՏՄ անդամ Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը եւ Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը:
NEWS.am-ի տեղեկություններով, նրանց նախ կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ապա «Մուլտի Գրանդ» հյուրանոցում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նշենք, որ նման ներկայացուցչական կազմով Երեւանում առաջին անգամ է հանդիպում տեղի ունենում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում, այսօր՝ մայիսի 20-ին Հայաստանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
ԵՏՄ կառավարությունների ղեկավարներին կընդունի Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ԵՏՄ կառավարության ղեկավարների այս նիստը պլանավորվել էր անցկացնել դեռեւս ապրիլի 8-ին, սակայն ապրիլյան քառօյա պատերազմի հետեւանքով այն հետաձգվեց՝ Ղազախստանի վարչապետի պատճառով, ով չհամաձայնեց գալ Երեւան: Այդ ժամանակ նիստը տեղի ունեցավ Մոսվկայում:





























