News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


 «Ադամ Սահակյան»

«Ներկա»

«Դավիթ Գասպարյան»

«Ներկա»

«Ղարիբ Սահակյան»

«Ներկա»

Համար 114 դպրոցի «Վերջին զանգի» միջոցառման ներկա-բացակայի ժամանակ հնչել են քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների անունները:

Նրանցից մեկը Ադամ Սահակայնն էր՝ հենց այս դպրոցի շրջանավարտը: Երեք տարի առաջ նա, կանգնած այս բեմին, որտեղ այսօր շրջանավարտներ են, հրաժեշտ էր տալիս դպրոցին:

«Մեր ելույթի սկզբում մենք ներկայացրեցինք մեր դասարանը, իսկ վերջում ներկայացրեցինք զոհված մարտիկների անունները, որպեսզի ցույց տանք, որ մենք միշտ կհիշենք նրանց եւ երբեք չենք մոռանա: Արտասանելով նրանց անունները եւ պատասխանելով «Ներկա»՝ մենք ուզում էինք ցույց տալ, որ նրանք միշտ մեզ հետ կլինեն»,- NEWS.am -ի թղթակցին ասաց դպրոցի շրջանավարտներից մեկը:

Դպրոցի աշակերտներից շատերը հիշում են Ադամին, որն իր կարճատեւ կյանքի 10 տարին այս դպրոցի պատերի ներսում է անցկացրել: Նրա լուսանկարները կախված են ռազմագիտության դասասենյակի պատերին: Դրանցից ոմանց վրա կարելի է տեսնել նրան՝ դեռ 4-րդ դասարանի երեխա, մյուսներում նա ավելի մեծ է, ընկերների հետ: Պաստառների վրա նրան նվիրված բանաստեղծություններն են եւ գրառումը «Ադամ Սահակյան. 1996-2016»:

Ղարաբաղյան պատերազմի մասնակից, դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Հրաչ Մանուչարյանը լավ է հիշում Ադամին, որին դաս է տվել 10-11-րդ դասարաններում: Ուսուցչի խոսքով՝ Ադամն աչքի էր ընկնում համեստությամբ, պատասխանատվության զգացումով եւ ընկերասիրությամբ: Նրա անկոտրում բնավորությունը դրսեւորվեց նաեւ մարտի դաշտում. 8 հոգուց բաղկացած իր ջոկատով Ադամը կարողացել է դիմադրել ոչ թե սովորական զինվորների, այլ արտասահմանում լավ պատրաստություն անցած հատուկ նշանակության ջոկատայիններին:

Ադամին բնորոշ էին  նաեւ պատասխանատվության եւ պատրաստակամության զգացումները: Զինղեկը մի պատմություն է հիշում, թե ինչպես մի անգամ Ադամին խնդրել էր հավաքել տղաներին, որոնք պետք է ռազմական բուժզննում անցնեին: 15-16 տարեկան 40 տղաների մի վայրում հավաքելը շատ դժվար է, սակայն Ադամը խոստացել էր բոլորին գտնել եւ արել էր դա կես ժամում:

«Դա նույնպես հերոսություն է, երբ մարդը հստակ անում է այն, ինչ իրեն հանձնարարել են: Նա մտածում էր, որ եթե իրեն խնդիր են հանձնարարել, ինքը պետք է կատարի: Նա շատ պատասխանատու մարդ էր»,- ասել է Հրաչ Մանուչարյանը:

Բացի այդ, նրա խոսքով, Ադամը շատ էր սիրում ընկերներին եւ պատրաստ էր հանուն նրանց ամեն բանի: Ինքը՝ Հրաչ Մանուչարյանը, արցախյան ազատամարտի մասնակից է եւ գիտի ընկերության գինը՝ հատկապես մարտի դաշտում:

«Եթե դու լավ ընկերներ չունենաս, դու չես կարող առաջ գնալ: Հենց ընկերությունն է քեզ մարտի տանում: Դու գիտես, որ եթե վիրավորես, քո ընկերները կօգնեն փրկել քեզ: Ադամն իրոք շատ լավ ընկեր էր»,- ասում է զինղեկը:

ՀՀ գլխավոր զինկոմիսարիատի զինկոմ Հենրիխ Մուրադյանը, որն այցելել էր Ադամի դպրոց, շրջանավարտների եւ նրանց ծնողների հետ զրույցում հիշեց, որ ինքն է Ադամին եւ այս տարի շփման գծում զոհված մյուս տղաներին բանակային ծառայության ընդունել:

«Սերժանտ Ադամ Սահակյանը ապրիլի 4-9-ը ընկերների հետ մինչեւ վերջ հերոսաբար պայքարել է 12-րդ մարտական դիրքում, որպեսզի թույլ չտա թշնամուն ներթափանցել մեր տարածք: Թշնամուն զգալի կորուստներ պատճառելով՝ նա անհավասար մարտում ընկել է հերոսի մահով»,- ասել է զինկոմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ