News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Եվրոպական  ներդրումային բանկի ծրագրով նախատեսվում է ապահովել  Հայաստանի շուրջ 45 դպրոցի` այդ թվում 15 ավագ դպրոցի սեյսմակայունությունն ու հիմնանորոգումը: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի եւ Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը` Հենզ Օլբերսի հանդիպման ժամանակ:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով պատվիրակներին` նախարարը կարեւորել է  Հայաստանում իրականացվող դպրոցների սեյսմակայունության ամրապնդմանն ու բարձրացմանն ուղղված բանկի ծրագիրը, որը փոխլրացնում է  Համաշխարհային բանկի եւ Ասիական զարգացման բանկի համանման ծրագրերին:

«Հուսով եմ՝ Եվրոպական ներդրումային բանկի հետ մեր համագործակցությունը  երկարատեւ կլինի եւ դպրոցների  սեյսմակայունության ամրապնդման այս ծրագրին զուգահեռ մենք հնարավորություն կունենանք իրականացնել կրթության բովանդակային խնդիրներին  առնչվող տարատեսակ ծրագրեր` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանկի ծրագրերում բավականին մեծ է  բովանդակային ծրագրերի աջակցման բաղադրիչը»,-նշել է նախարարը:

Անդրադառնալով կրթության բովանդակային խնդիրներին` Լեւոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ այժմ  նախարարությունում լուրջ գործընթացներ  է ընթանում ավագ դպրոցների, բուհական համակարգի բովանդակության վերափոխման ուղղությամբ, լրամշակվում է բարձրագույն կրթության օրենքի նախագիծը: Նախարարն ակնկալել  է  նշված բովանդակային ծրագրերի առնչությամբ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությունը: Խոսելով եվրոպական ընտանիքի ինտեգրման հնարավորությունների մասին` նախարարը  տեղեկացրել է , որ  վերջերս Հայաստանն անդամակցել է «Հորիզոն-2020»  եվրոպական գիտական ցանցին, որը  հայ գիտնականների  համար մեծ հնարավորություն է ստեղծում գիտական համատեղ ծրագրեր իրականացնելու համար, ուստի  գիտական ոլորտի զարգացման գործում եւս ակնկալում է բանկի  աջակցությունը:

Պատվիրակության ղեկավար Հենզ Օլբերսին իր հերթին հույս է հայտնել, որ այս վարկային ծրագրի վերաբերյալ աշնանը նախատեսվող պայամանագիրը խթան կհանդիսանա Հայաստանի կրթության ոլորտի հետագա համագործակցության արդյունավետ կայացմանը: Միաժամանակ, նա պատրաստակամություն է հայտնել աջակցություն  ունենալ նաեւ  կրթության ոլորտի այլ ծրագրերի աջակցման գործում:

Եվրոպական  ներդրումային բանկի այս ծրագրով նախատեսվում է ապահովել  Հայաստանի շուրջ 45 դպրոցի` այդ թվում 15 ավագ դպրոցի սեյսմակայունությունն ու հիմնանորոգումը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ