Հայաստանում շատ են հարգում Ֆրանցիսկոս պապին, այն բանի համար, որ նա հոսանքին հակառակ գնաց եւ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս մասին իտալական պետական RAI հեռուստաալիքի եթերում հայտարարել է լրագրող Սիմոնե Ձոպելարոն՝ մեկնաբանելով հունիսի 24-26-ը Հայաստան նախանշված Հռոմի Պապի այցը:
Լրագրողի խոսքով, այս ճանաչումը մեծ ազդեցություն ունեցավ՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը համարժեք:
Երեւանում, ըստ նրա, Կաթոլիկ եկեղեցու Հովվապետը կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նա կհարգի ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչպես նաեւ կհանդիպի Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին:
Բունդեսթագը ոչ միայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, այլեւ ընդունեց, որ Գերմանական կայսրությունը նպաստել է դրա իրագործմանը: Սիմոնե Ձոպելարոյի խոսքով, Ֆրանցիսկոս պապի այցը կարեւոր նշանակություն կունենա նաեւ ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիների որոնման հարցում. սառեցված հակամարտություն, որը կարող է դուրս գալ վերահսկողությունից՝ վտանգավոր հետեւանքներով: