Հռոմի Ֆրանցիոսկոս Պապին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում դիմավորել են Հայ կաթողիկե եկեղեցու «Տիրամայր Հայաստան» կրթահամալիրի սաները: Նրանց ձեռքին կային փոքրիկ դրոշակներ:
Սրբազան քահանայապետը, օդանավի վայրէջքից հետո նստեց իր «Ռենո Լոգան» մակնիշի սպիտակ մեքենան եւ ուղեւորվեց Վարդանանց հրապարակ, որտեղ Սուրբ Պատարագ է մատուցելու՝ լատինական ծեսով:
Այնտեղ է ուղեւորվել նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ով մասնակցելու է պատարագին:
Նշենք, որ Սուրբ Պատարագից հետո Հռոմի Պապը կուղեւորվի Հայ կաթողիկե «Տիրամայր Հայաստան» եկեղեցու Պողոսյան կրթական կենտրոն: Այստեղ Հռոմի Պապը կճաշի, կհանգստանա հատուկ իր համար պատրաստված սենյակում: Կրթական կենտրոնի աշխատակիցները նվեր են պատրաստել Հռոմի Պապի համար՝ երկու անտուն որբերի բրոնզե արձանիկ:
Երեկոյան Հռոմի Պապը Երեւանում էկումենիկ արարողություն կանցկացնի եւ աղոթք կբարձրացնի հանուն խաղաղության: