Իսրայելի Կնեսետում հուլիսի 5-ին տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսվում էր: Այս մասին այսօր` հուլիսի 6-ին, լրագրողներ հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:
«Արդեն երրորդ անգամ էր հարցը քննարկվում Կնեսետում: Եթե առաջին անգամ ելույթ ունեցան վեցը, ապա այս անգամ՝ 24-ը: Մենք պետք է քայլ առ քայլ հասնենք նրան, որ Իսրայելն ընդունի Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ` հետեւողական աշխատանքի շնորհիվ կհասնենք արդյունքի»,- ասաց Թեւան Պողոսյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ հայ-իսրայելական հարաբերություններում շատ կարեւոր է չմոռանալ Թուրքիայի դերակատարությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին սպասվում էր, որ Իսրայելի Կնեսետը քվեարկության կդնի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը: Սակայն Կնեսետը որոշեց հարցը կրկին ուղարկել հատուկ հանձնաժողովի քննարկման: