News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը


Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ համայնքի թիվ 1 հիմնական դպրոցը այս տարի էլ առաջին դասարանցիներին հյուրընկալեց Արցախյան պատերազմի հետքերով՝ անբարեկարգ դասասենյակներով, կիսաքանդ պատերով, դուռ–լուսամուտով։

Հայ–ադրբեջանական սահմանից շուրջ 5 կմ հեռավորության վրա գտնվող համայնքի դպրոցը չի վերանորոգվել Արցախյան պատերազմից հետո, ինչը արձանագրեց նաեւ NEWS.am–ի տեսախցիկը։ Տոնական ու ոչ տոնական օրերին դպրոցը դուրս է պատկան մարմինների օրացույցից։ Փոխարենը դպրոցով հետաքրքրվում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը, որի հետ համագործակցությունը տվել է պտուղները։ Հեռավոր Ճամբարակի աշակերտները Գյոթեի ինստիտուտի ծրագրերի շնորհիվ Գերմանիայում եւ հարեւան Վրաստանում մի քանի շաբաթյա լեզվի դասընթացների են մասնակցում, գերմաներենի գիտելիքները կատարելագործում։ Դպրոցի անշուք պատերը զարդարված էին այդ համագործակցության արդյունքում արձանագրված հաջողությունների մասին պատմող պաստառներով, որոնք թերեւս փոքրիկ ճամբարակցիների ոգեւորության աղբյուրն են։

«Արցախյան պատերազմից հետո մեր դպրոցը համարյա չի վերանորոգվել, քանի որ սահմանամերձ գոտի ենք, տուժել էր ։ Տանիքն է վերանորոգվել, դրանից հետո ներքին հարդարումները շատ քիչ են կատարվել։ Դե դպրոցը այդքան հնարավարություններ չունի, բյուջեն թույլ չի տալիս, որ մեծ կարգի վերանորոգումներ արվեն։ Մեր գույքը բավականին հին է, դպրոցը ապահոված չէ լաբորատոր սարքավորումներով, որ ժամանակակից պահանջներին համապատասխան բարձր մակարդակի դասեր անցկացնենք»,–ասում է ուսմասվար, գերմաներենի ուսուցչուհի Էմմա Թորոսյանը։

Հպարտությամբ նշում է, որ սահմանին այդքան մոտ ապրող ծնողներն ու երեխաները հերոսներ են եւ արժանի այնպիսի դպրոցների, ինչպիսին մայրաքաղաքում է։ «Կառավարությունը ի նշան շնորհակալության պետք է ուշադրություն դարձնի սահմանը պահող երեխաներին»,–ասում է երկարամյա մանկավարժը։

Դպրոցի 25 տարվա տնօրեն Լյովա Սարգսյանը վստահեցնում է, որ վերանորոգելու նպատակով կուտակված գումար կա, մարզպետարանին էլ է դիմել, պարզապես սպասում են իրենց հերթին, որին դեռ երկու տարի էլ կա։ Նրա համար առաջնահերթ է պատերազմական դրության մեջ գտնվող երկրի սահմանային համայնքի դպրոցում ապաստարան կառուցելու հարցը։

«Ադրբեջանական դիտակետի դիմաց ենք գտնվում, որը ուղիղ գծով կազմում է 5 կիլոմետր։

Առաջին պատերազմի ժամանակ 19 արկ է ընկել դպրոցի տարածքում, որից երկուսը ուղիղ դպրոցի վրա, երեկոյան է եղել, բարեբախտաբար, երեխաները դպրոցում չեն եղել»,–հիշում է երբեմնի մաթեմատիկայի ուսուցիչը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են եւ շուտով կկառուցվի ժամանակավոր ապաստարանը։

Չնայած համայնքի բազմաթիվ խնդիրներին՝ մեր զրուցակիցները ուրախությամբ նշում են, որ դպրոցի սաների թիվը չի պակասում։ Այս տարի 60 առաջին դասարանցի ունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ