News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքի Սուրբ Վարդան առաջնորդանիստ եկեղեցում մասնակցեց ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառմանը։

Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը եւ Մեծի Տանն Կիլիկիո ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ աղոթք մատուցեցին։

Առաջնորդարանի սրահներում այս կապակցությամբ կազմակերպվել էր 25 հայ անվանի նկարիչների 25 կտավների ցուցահանդես։ Անկախության տարեդարձի կապակցությամբ հայ երաժիշտների կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, այլ հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Ելույթ ունենալով միջոցառմանը ներկա համայնքային կառույցների ներկայացուցիչների, նյույորքահայերի առջեւ` Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասաց.

«Գերաշնորհ Սրբազան Հայր,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետությունն արդեն 25 տարեկան է։ Հայաստանի Հանրապետությունն ընդամենը 25 տարեկան է։ Մեկը կասի, թե դա մեծ թիվ է, մեկն էլ՝ թե դա փոքր թիվ է։

Պատմության ոլորաններով հազարամյակներ շարունակ բարձրացող մեր ժողովուրդն այսօր նշում է իր նորանկախ պետականության ընդամենը քառորդ դարը։

Այդ քառորդ դարի յուրաքանչյուր սեպտեմբերի 21 եղել է յուրահատուկ քննություն Հայոց նոր պետականության կայացման ճանապարհին։ Ճանապարհ, որի հանգրվաններն էին Արցախի գոյամարտը, ուր պետք էր պարտադրել զինադադար, երկրաշարժից ու պատերազմից խոնարհված մեր քաղաքներն ու գյուղերը, որ պետք էր վերականգնել, ցրտի ու խավարի ծանրության տակ կքած հասարակությունը, որ պիտի ոտքի կանգներ։

Բայց այդ քառորդ դարի յուրաքանչյուր սեպտեմբերի 21-ին, երբ այգաբացը լուսավորել է Մասիսի գագաթը, Արարատ լեռան ստորոտին արթնացել է հայ մանուկը՝ դպրոց գնալու, հայ զինվորը՝ սահմանին կանգնելու, հայ շինարարը՝ քարը քարին դնելու, հայ քահանան՝ եկեղեցու զանգը հնչեցնելու, եւ հայ մարդը՝ սեփական երկրում սեփական ճակատագիրը տնօրինելու եւ ապրելու, պարզապես ապրելու՝ իր կյանքով շարունակելով մեր ժողովրդի բազմադարյա ընթացքը։

Սեպտեմբերի 21-ի վերջին 25 այգաբացերը դիմավորելու պատիվն ու հպարտությունը մեզ է վիճակվել՝ մեր ժողովրդի ներկա զավակներին Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում։ Այո՝ Սփյուռքում, որովհետեւ այս քսանհինգ տարիներին Մայր Հայրենիքը մշտապես զգացել է աշխարհով մեկ ցրված մեր քույրերի եւ եղբայրների ապրումներն ու հույզերը, ուշադրությունն ու հոգատարությունը, որի կրողն եք այսօր նաեւ դուք բոլորդ՝ այստեղ ներկաներդ։ Ձեզնից յուրաքանչյուրն, անկասկած, իր մեջ կրում է Հայաստանի մի մասնիկ, բայց ձեզնից յուրաքանչյուրը նաեւ Հայաստանի մի մասնիկն է։

Սիրելի բարեկամներ,

Սեփական պատմությամբ հպարտանում են բոլորը։ Բայց հպարտանալուց զատ, սեփական պատմությունը պետք է նաեւ կրել։ Եվ որքան մեծ է այդ պատմությունը, նույնքան մեծ է պատասխանատվությունն՝ այն կրելու։ Այդ իմաստով հայ ժողովրդի ներկա սերունդը՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, պատասխանատվություն է կրում ոչ միայն այս քառորդ դարի համար։ Այդ պատասխանատվությունն իր մեջ ներառում է նաեւ հայ ժողովրդի դարավոր անցյալը՝ բոլոր լուսավոր ու դժվարին էջերով։

Բայց այդ պատասխանատվությունը տարածվում է նաեւ ու հատկապես գալիք դարերի վրա, որովհետեւ այդ գալիքի հիմքը մեծ չափով կառուցվում է այսօր։

Մեր ժողովրդի անցյալ դարերի եւ գալիք դարերի միջեւ ահա այս քառորդ դարն է, այսօրվա Հայաստանը՝ համայն հայության Հայրենիք Հայաստանի Հանրապետությունը, որն ընդամենը 25 տարեկան է, բայց որը նաեւ արդե՛ն 25 տարեկան է։

Շնորհավո՛ր Անկախության տոնը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Փա՛ռք հայ ժողովրդին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ