News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ակնաշենցի երեխաները անընդհատ վազում են դեպի գյուղի ծայրամաս։ Հետաքրքրությունից ելնելով, նրանք հաճախ են բարձրանում այն բլրի վրա, որտեղ նեոլիթի դարաշրջանի հնագույն հուշարձանի հնագիտական պեղումներ են կատարվում։ Նրանց բավականին դժվար է լինում բացատրելը, որ պեղումների տարածքը խաղերի համար վատ տեղ է, պատմում է արշավախմբի ղեկավար, Հայաստանի ԳԱԱ հնագիտության ու ազգագրության ինստիտուտի վաղ հնագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Բադալյանը (ֆոտոռեպորտաժ

Նրա խոսքով այդ հազվագյուտ բնակավայրի ուսումնասիրությունը սկսվել է 1998-ին, հետո աշխատանքները դադարեցվել են ու վերսկսվել արդեն 2004-ին։

Չնայած բլուրը մեծ չէ, նշում է Բադալյանը, հաջորդական բնակության արդյունքում գոյացած մշակութային շերտի բարձրությունը ավելի քան 5 մետր է կազմում։

Պեղումների ընթացքում հայտնաբերվել է տեղեկությունների հսկայական ծավալ, որը թույլ է տալիս վստահեցնել, որ օրինակ Ք․ա 7-ից մինչեւ 6 հազարամյակ Արարատյան դաշտավայրի տարածքում լիճ է եղել։ Այն գոյացել էր հրաբխի ժայթքումից, ինչի հետեւանքով Արաքս գետի հունը փակվել էր լավայի շերտով։

Հետագայում լճում ջրի մակարդակը աստիճանաբար սկսել է նվազել ու դրա ափին մինչեւ Ք․ա 6 հազարամյակը հիմնվել է այս բնակավայրը՝ Արարատյան դաշտավայրի տարածքում հայտնի առաջին նեոլիթյան բնակավայրը։

«Այն ամենը, ինչ հայտնի է մինչեւ այդ ժամանակաշրջանը, վերաբերում է հիմնականում քարանձավային թաքստոցներին, քոչվորների բնակատեղերին ու ժամանակավոր կացարաններին։ Այստեղ մենք գործ ունենք նստակյաց բնակավայրի հետ, որը ներառում է տների շինարարության ու խեցեղենի արտադրության առաջին փորձերը»,- պատմում է Բադալյանը։

Այն մասին, թե հատկապես ով է բնակություն հաստատել այդ տարածքում Ք․ ա 6 հազարամյակում՝ դեռ վաղ է խոսել, քանի որ ոչ մի գրավոր աղբյուրներ չկան, որոնք թույլ կտային պարզել, թե ինչ լեզվով են նրանք խոսել, սակայն արդեն պարզ է, որ այդ ժամանակվանից սկսվել է անընդմեջ բնակությունը։

«Այնպես որ մենք գործ ունենք ինչ -որ շատ երկարատեւ հաջորդականության սկզբի հետ, որի արդյունքում վերջին հաշվով ձեւավորվել է մեր հասարակությունը»,- հավելում է Բադալյանը։

Նրա խոսքով, հիմնական գտածոները աշխատանքային գործիքներ են, որոնք պատրաստված են ոսկրից ու օբսիդիանից, որը արդյունահանում էին Գեղամա լեռնաշղթայի հրաբուխների վրա։

Ուշագրավ են նաեւ հայտնաբերված զարդերը, օրինակ մազկալները, շղթաների մասերն ու ոսկորներից պատրաստված գդալները։

«Կարելի է եզրակացնել, որ գեղագիտությունը խորթ չէր այս տարածքում բնակվող մարդկանց։ Նրանք զարդարում էին իրենց, իրենց հագուստն ու աշխատանքային գործիքները։ Կան նույնիսկ կոսմետիկ միջոցների կիրառման վկայություններ»- նշում է Բադալյանը։

Մի քանի տարի առաջ պեղումների ժամանակ հայտնաբերվել է նաեւ քարե չորսուիկ, որի վրա հերթագայող ությակների տեսքով պատկերներ էին։ «Այն, որ դա դրոշմակնիք է՝ ընդամենն առաջին տպավորությունն է։ Արտեֆակտի ճշգրիտ կիրառումը դեռ հայտնի չէ։ Դա կարող է լինել օրինակ խեցեղենի զարդանախշման գործիք»,- նշում է նա։

Ամենաարժեքավոր գտածոները, հավելում է Բադալյանը, թերեւս նրանք են, որոնք վկայում են որ Ակնաշենի բնակչությունը շփումներ է ունեցել մերձավորարեւելյան մշակույթների կրողների հետ։

«Մենք ունենք նկարազարդ խեցեղենի նմուշներ, որոնք ակնհայտորեն բերված է Սիրիայից, Միջագետքից։ Գտել ենք ծովային խեցիներ, որոնք վկայում են այն մասին, որ Կարմիր ու Միջերկրական ծովերի ափերի բնակչության հետ եղել են թեկուզ տարանցիկ, բայցեւայնպես որոշակի շփումներ։ Այլ կերպ ասած՝ կարելի է ասել այն մասին, որ արդեն Ք․ա 6-րդ հազարամյակում զարգանում էին մշակութային- տնտեսական կապեր»,- շեշտել է նա։

Բացի դրանից առկա տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ բնակավայրի բնակիչները բուծում էին խոշոր եղջերավոր անասուններ, մի քիչ խոզեր ու շներ։

Հայտնաբերված կմախքները վկայում են այն մասին, որ սովորաբար մահացողներին առանձին- առանձին թաղում էին տների հատակների տակ,կացարանների ներսում՝ կողքի շրջված ու կորացած դիրքով։

Բնակավայրը ամայացել է Ք․ա 6 հազարամյակի կեսերին։ Ճշգրիտ պատճառներն ասելը բարդ է, ասում է Բադալյանը, սակայն մարդիկ կարող էին տեղափոխվել այլ բնակավայր, սոցիալական կամ բնական- քաղաքական հանգամանքներից դրդված։

Ակնաշենում պեղումները կշարունակվեն եւս մոտ 10 տարի, իսկ ավելի ճշգրիտ՝ քանի դեռ հնագետները չհասնեն այն մակարդակին, որի վրա հիմնված է եղել բնակավայրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ