News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները մինչեւ հիմա չեն իրականացվել Ադրբեջանի մեղքով։ Այս մասին նոյեմբերի 16-ին՝ Մոլդովայի ԱԳ նախարար Անդրեյ Գալբուրնի հետ հանդիպման ժամանակ, ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը միաժամանակ փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, աղավաղել իրականությունը, որպեսզի խուսափի համաձայնությունների իրականացումից։ Նալբանդյանը նշեց, որ Վիեննայում հանդիպումից հետո Բաքվում ասում էին, որ այն, ինչի մասին խոսում են համանախագահ երկրների նախարարները նրանց անձնական կարծիքն է։  «Հնարավոր է, որ Բաքվում չէին մտածում, որ մի ամիս անց բավական անհարմար իրավիճակում են հայտնվելու, երբ Սանկտ Պետերբուրգում հանդիպումից հետո նոր հայտարարություն արվեց նախագահների մակարդակով, որով հաստատվում էին Վիեննայի համաձայնությունները։ Բայց եթե Վիեննայում ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել, ապա ի՞նչ է հաստատել Ադրբեջանի նախագահը Սանկտ Պետերբուրգում»,– ասաց նախարարը։

Նալբանդյանը հիշեցրեց, որ համանման իրավիճակ էր նաեւ դեկտեմբերին Բեռնի  հանդիպումից հետո։ Այն ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները աջակցում են համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են միջադեպերի հետաքննության մեխանիզմներին։ «Ադրբեջանից անմիջապես հայտարարություն հնչեց, թե համաձայնություններ չկան։ Բայց ո՞նց է ստացվում, որ բոլորը մի բան են  հասկանում, իսկ Ադրբեջանն այլ»,– նշեց Նալբանդյանը։

Նախարարը նշեց, որ դեռեւս սեպտեմբերին համանախագահներն Ադրբեջանին կոչ են արել անել այն, ինչ Հայաստանն է անում՝ համաձայնել հետաքննությունների մեխանիզմի ստեղծմանը: Այս ենթատեքստում նախարարը հիշեցրեց, որ միջնորդները մայիսի վերջին կողմերին երկու նախագիծ են փոխանցել, որոնք առնչվում են միջադեպերի հետաքննության մեխանիզմներին եւ  դեսպան Կասպշիկի թիմի ընդլայնմանը: Բաքվի կարծիքով՝ դրանք հիմնված են գոյություն չունեցո՞ղ համաձայնությունների վրա, հարց հնչեցրեց նախարարը՝ հավելելով, որ Բաքուն նախագծերը մերժել է: «Եվ մինչ օրս պնդում են, որ խոսքը «հայկական զորքերը դուրս բերելուց հետո» համաձայնությունների կատարման մասին էր: Սակայն եթե դա այդպես լիներ, ապա նրանք ինչո՞ւ հրաժարվեցին դա կատարելուց: Սա վկայում է իրականությունը կեղծելու նրանց փորձերի մասին: Նման վարքագիծը մի քանի անգամ է կրկնվել»,- նշեց Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ նույն բանը վերաբերում է դեսպան Կասպշիկի թիմի հնարավորությունների ընդլայնման հարցին: Մի քանի քննարկում է եղել: Եվ ամեն անգամ նրանք մերժել են, նշեց նախարարը՝ հավելելով, որ Ադրբեջանը ամեն տեակի խոչընդոտներ է ստեղծում նաեւ ԵԱՀԿ-ի մոնիթորինգն անցկացնելիս, արդյունքում իրավիճակը հանգում է նրան, որ մոնոթորինգի մասնակիցները ստիպված են լինում դիտել ադրբեջանական շոուն:

Ամփոփելով, որ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի սանձազերծումից հետո բանակցությունները շարունակելու համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտություն է առաջացել, նախարարը նշեց, որ ադրբեջանական կողմը դրան ամեն կերպ խոչընդոտում է:

«Տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն առաջնորդվում է հեռուստասերիալների սցենարիստների մոտեցումներով՝ որքան խճճված, այնքան երկար: Ո՛չ Հայաստանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղը ստատուս քվոյի կողմնակից չեն: Մենք կողմնակից ենք միջազգային իրավունքի հիման վրա կարգավորմանը»,- նշեց Հայաստանի ԱԳ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ