News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի նկատմամբ Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետաքրքրվածությունը կմեծանա։ Այս մասին  NEWS.am–ի հետ զրույցում ասել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

Նրա խոսքով՝ անորոշ իրավիճակը, որը ստեղծվել է ԱՄՆ նոր նախագահի ընտրությունից հետո, փաստացի մտահոգում է բոլորին։ «Եվ իզուր չեն եվրոպացիներն ու ամերիկացիները փորձեր ձեռնարկում տարբեր պետությունների կարծիքը  իմանալու համար»,– նշեց Սարգսյանը՝ ասելով, որ Եվրոպայում բարդ իրադրություն է ստեղծվել ինչպես նշված հանգամանքի, այնպես էլ մինչեւ հիմա տարվող քաղաքականության պատճառով։ «Եվ կարելի է սպասել,  որ եվրոպացիները կփորձեն ակտիվանալ «Արեւելյան գործընկերության» ծրագրի ուղղությամբ եւ նոր հարաբերություններ ստեղծել անդամ երկրների հետ։ ՀՀ արտգործնախարարը նույնպես հայտարարեց, որ արդեն եկող տարվա սկզբից կավարտվեն Հայաստան–ԵՄ բանակցությունները, եւ ինչ–որ փաստաթուղթ վերջապես կստորագրվի։ Իհարկե, դա կապ ունի նոր իրավիճակի հետ»,– ասաց Սարգսյանը։

Նրա կարծիքով Ռուսաստանն իր հերթին անում է նույն բանը։ «Մենք տեսնում ենք Հայաստանին արվող նոր առաջարկներ։ Բոլոր կողմերից ակտիվացում է նկատվում ազդեցության գոտու ընդլայնման նպատակով։ Ես կարծում եմ, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրվածությունը պետք է շատ մեծ լինի։ Եթե վերցնենք մեր տարածաշրջանը, ապա Վրաստանում Արեւմուտքը խնդիրներ չունի, Ադրբեջանում ներկայիս ռեժիմի եւ Ադրբեջան–Թուրքիա հարաբերությունների հետ լուրջ խնդիրներ կան։ Կարելի է ասել, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը կմեծանա»,– ասաց Մանվել Սարգսյանը։

Հարցին, թե ինչպես Հայաստանը պետք է ճիշտ օգտագործի այդ հետաքրքրություն, քաղաքագետը պատասխանեց, որ Երեւանը պետք է վերանայի իր մոտեցումները։ «Նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես հայտարարել էր, որ Հայաստանում մարդիկ սպասում էին, որ Ռուսաստանը պատերազմի ժամանակ իրենց կողքին կլինի, սակայն տեսան, որ դա այդպես չէ։ Իշխանությունը նույնպես հասկանում է, անհնար է Ռուսաստանի հետ միակողմանի հարաբերությունների խորացմամբ մեկուսանալ ամբողջ աշխարհից։ Այսինքն Հայաստանում նույնպես նկատվում է Ռուսաստանի ուղեծրից դուրս գալուց փորձ։ Ես չեմ կարծու, որ եթե դա ճիշտ ժամանակին արվեր, ինչ–որ խնդիրներ կառաջանային։ Բայց այդ գիտակցումը չի եղել։ Ռուսաստանից վախը բոլորին ստիպել է հրաժարվել մեծ հնարավորություններից։ Դա երկիրը դրել է ներկայիս վիճակի մեջ։ Հիմա ուղղակի հանցագործություն է նույն ոգով շարունակելը»,– ասել է քաղաքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ